Շիրակում իրացրել են կեղծ թղթադրամներ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է երկու անձ` կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու մեղադրանքով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զիլֆիմյանը, նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչ Բ. Հարությունյանի հետ, 2012թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել են կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ և նույն օրը` կեղծ թղթադրամներով գնել են 4 գառ և 2 ոչխար:

Բացի այդ, մեղադրյալները խոստովանական ցուցմունքներ են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել և իրացրել ՀՀ  4 մարզերի խանութներում` սննդամթերք գնելու եղանակով:

2012թ. մայիսի 29-ին Մ. Զիլֆիմյանին և Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: