Ինչքա՞ն կդիմանա ԲՀԿ-ն ոչ իշխանական կուսակցություն լինելու կարգավիճակին։ Այնքան, որքան իշխանությունը կորոշի հանգիստ վերաբերվել ԲՀԿ-ի ոչ իշխանական լինելուն։ Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն հռչակել է իր կառուցողական գործունեության մասին առանց մանրամասնելու՝ խոսքն ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր դաշտում կառուցողական գործունեություն ծավալելու մասին է։
Կառուցողական գործունեություն ամբողջ աշխարհում ծավալում են երկու տիպի քաղաքական համակարգ ունեցողները՝ բռնապետությունում, ասենք, Չինաստանի նման, որտեղ ընդդիմություն չկա և ժողովրդավարական երկրում, որտեղ ընդդիմությունը կառուցողական է զուտ այն պատճառով, որ նույնպես իշխանության մաս է: Չինաստանում կոմկուսը միակ քաղաքական ուժը չէ, սակայն մյուսները ցանկացած առիթով համաձայն են կոմկուսի հետ։
ԱՄՆ-ում Հանրապետականը միշտ չէ, որ համաձայն է այսօր իշխող դեմոկրատների հետ, սակայն դրանից պատմություն չի սարքում, որովհետև դեմոկրատները հաճախ հենց Հանրապետականի շունչն են զգում իրենց թիկունքում որևէ որոշում ընդունելիս։ Երբեմն նրանք Կոնգրեսում ընդունում են հենց Հանրապետականի որևէ նախաձեռնություն։ Չինաստանում որևէ քաղաքական ուժ ընդդիմություն լինելու տարբերակ չունի։ ԱՄՆ-ում ընդդիմություն լինելը հիստերիկ ոչինչ չի ենթադրում։
Հայաստանի պարագան այլ է։ Այստեղ քաղաքական ուժ լինելն ինքնին արմատականություն է ենթադրում։ Բոլորն ուզում են հասկանալ, թե դու ո՞ր ճամբարից ես։ Նույնիսկ որևէ ճամբարից դուրս գտնվող «Սարդարապատ»-ը ակնհայտ ընդդիմություն է գործող իշխանություններին, սակայն որևէ համակրանք չի զգում ՀԱԿ-ի հանդեպ։ Հայաստանում քաղաքական դիրքորոշումը առանց ծայրահեղականության իմաստ չունի, որովհետև եթե կառուցողական ընդդիմություն ես, նշանակում է ի գիտություն ես ընդունում, ասենք՝ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները, հետևաբար պատկերացնում ես քո աշխատանքը օլիգարխահեն ՀՀԿ-ի հետ։ Ընդ որում՝ կառուցողական ընդդիմությունը գրեթե նույնն է, ինչ կառուցողական ոչ իշխանամետը, որը հայտարարում է, որ ինքն ընդդիմություն չէ, բայց իշխանություն էլ չէ։
Ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն։ Առաջնորդի հայտարարությունն առանձնապես որոշակիություն չմտցրեց, սակայն այնպես չէ, որ իշխանությունը թեթև տարավ ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը։ Սակայն փաստն այն է, որ ԲՀԿ-ն այսպես ասած սողանցքներ է թողնում իշխանությունների հետ համագործակցության։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ԲՀԿ-ին ՀԱԿ-ին է թողնում արմատական ընդդիմության դաշտը՝ հետևաբար ակնարկելով նաև, որ արմատական ընդդիմություն լինելն այլևս մոդա չէ, և ինքն այնտեղ խաղալու և ասելու բան չունի։ Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ մինչև հիմա արմատական բոլոր ընդդիմությունների պարտությունները մեր երկրում ԲՀԿ-ն համարում է օրինաչափ հենց այն պատճառով, որ նրանք կառուցողական չեն եղել։ Բայց այստեղ խնդիր կա։ ՀԱԿ-ը կառուցողական էր 2009-2011 թթ., նույնիսկ երկխոսեց իշխանությունների հետ, և դա միայն նվազեցրեց նրա կողմնակիցների քանակը։ Հետևաբար՝ կառուցողական ընդդիմություն լինելը պակաս մոդայիկ է մեր երկրում, որովհետև կառուցողական ընդդիմություն լինելու համար կառավարման քաղաքական համակարգը պետք է հարյուրտոկոսանոց վստահություն ներշնչի։ Այսինքն՝ չենթադրի, որ կա մի քաղաքական ուժ, որը կառուցողական չէ։ Նորմալ երկրում կառուցողական ընդդիմություն հասկացությունը նոնսենս է, ինչպես նաև արմատական ընդդիմությունը։ Նորմալ երկրում գոյություն ունեն տնտեսական և քաղաքական համակարգերի պատկերացումներ, որոնցով ձևավորվում է իշխանությունը և ընդդիմությունը։ Դրանց ասում են աջեր, ձախեր, կենտրոնամետներ, ծայրահեղ աջեր կամ ծայրահեղ ձախեր և այլն։ Ֆրանսիայում Լը Պենի կողմնակիցները ծայրահեղ աջեր են, բայց նրանք երբևէ արմատական, բառի իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնող ընդդիմություն չեն եղել։ Նրանք կառավարման համակարգի հետ կռիվ ունեն, նրանց կռիվը ներգաղթյալների հետ է, բայց դա Սարկոզիի կամ Օլանդի վրա կարող է թանկ նստել միայն ընտրությունների ժամանակ, իսկ ընտրություններից առաջ նրանց հրաժարականի հարց չի առաջանում։ Հետևաբար՝ ո՞ր դաշտում կարող է գործել ԲՀԿ-ն, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ կա միայն իշխանության լեգիտիմության հարց, և ծայրահեղ լինելը ավելի շուտ իշխանության ձևավորման ցինիզմի տրամաբանության շրջանակներում է, քան տնտեսական կամ քաղաքական համակարգի հետ անհամաձայնության։ Ըստ իս՝ ԲՀԿ-ի տեղը արմատական ընդդիմությունն է։ Մնացած բոլոր դեպքերում նա մասնակից կլինի քաղաքական թատերայնությանը, որն արդեն 17 տարի (1995-ից հետո) Հայաստանի քաղաքական կառավարման էությունն է։ ԲՀԿ-ն պետք է առիթը օգտագործի ՀՀԿ-ից հնարավորինս հեռու գտնվելու համար։ Այլ հարց է, որ ԲՀԿ-ն իրեն չի պատկերացնում 2013թ. նախագահի ընտրություններում առանձին թեկնածուով պայքարող կամ եթե պատկերացնում է, այդ ընտրություններում հաղթող չի պատկերացնում։ ԲՀԿ-ն ընտրություն չունի։ Կա՛մ հիմիկվանից պատրաստվում է նախագահի ընտրություններին, կա՛մ 2013թ. շարունակում է իր փոքր դերը «կոալիցիոն կառավարում» կոչվող բեմադրության մեջ։