Սիրիական ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ը կարող է շրջանցել ՄԱԿ-ի ԱԽ-ն

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ դիտարկվող սցենարները ենթադրում են մի շարք միջոցառումներ՝ մեղմից մինչև կոշտ։ Բացի այդ՝ ամենակոշտ սցենարը նախատեսում է «գործողություններ՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) լիազորությունները»։

Հարցազրույցում Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով նախատեսված «ճանապարհային քարտեզի» իրականացումը ծայրահեղ թերահավատություն է առաջացնում։ «Առաջին սցենարը նախատեսում է Սիրիայի կառավարության՝ իր ստանձնած պարտավորությունների անհապաղ իրագործում, այսինքն՝ հրաժարում ծանր զենքի կիրառումից և ամեն տեսակի բռնության դադարեցում, ինչպես նաև Անանի ծրագրի բոլոր կետերի իրականացում։ Տվյալ ծրագիրը մենք չենք դիտարկում՝ որպես ամենահավանական»,- հաղորդել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը։

Երկրորդ սցենարը նախատեսում է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների ջանքերի միավորում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։ Դրա համար ենթադրվում է օգտագործել համաձայնեցված տարբեր միջոցառումներ, օրինակ՝ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Այստեղ Ռայսն առանձնահատուկ դեր է հատկացնում Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք երկու անգամ արգելափակել են բանաձևերը, որոնք, ԱՄՆ-ի կարծիքով, կարող էին կարգավորել իրադրությունը Սիրիայում։

Որպես դեպքերի զարգացման ամենաբացասական ուղի՝ ԱՄՆ-ը դիտարկում է դիմակայության վերաճումը լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որը կներառի ոչ միայն Սիրիան, այլև հարևան բոլոր երկրները։ «Դա կդառնա խոշոր հակամարտություն տարածաշրջանում, որում շատ երկրների ռազմավարական շահեր են կենտրոնացած»,- ընդգծել է Ռայսը։ Այսպիսի սցենարի կանխման համար Վաշինգտոնը պատրաստ է «շրջանցել ՄԱԿ-ի ԱԽ լիազորությունները»՝ իրադրության կայունացման համար։

Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011թ. մարտին։

Մեկնաբանել