Այսօր Թել Ավիվի Ռամաթ Գանա մարզադաշտում մեկնարկում է փոփ-կուռք Մադոննայի MDNA համաշխարհային շրջագայությունը: Ակնկալվում է, որ 30 հազար հանդիսականի համար նախատեսված տրիբունաները լեփ-լեցուն կլինեն, քանի որ սա Մադոննայի միակ ելույթն է լինելու Սուրբ հողում:
Դեռևս անցյալ շաբաթ շոուի կազմակերպման նպատակով Իսրայել էր ժամանել ամերիկյան բազմամարդ դեսանտը: Ընդհանուր առմամբ, կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է 600 մարդ, որից 350-ը ժամանել է ԱՄՆ-ից, իսկ մնացածը հավաքագրվել են տեղում: Օրերս Իսրայել է ժամանել նաև Մադոննան՝ 70-հոգանոց շքախմբի ուղեկցությամբ: Հյուրախաղերում 53-ամյա երգչուհուն ուղեկցում են նրա չորս երեխաները: Բացի այդ`՝ համերգը լուսաբանելու նպատակով Իսրայել են եկել հարյուրավոր լրագրողներ, իսկ հրավիրվածների թվում են դերասաններ Ջորջ Քլունին, Նատալի Պորտմանը, Սաշա Բարոն Կոյենը և հաղորդավար Կոնան Օ՚Բրայենը, որը վարելու է այս շոուն:
Մադոննան դեռևս խուսափում է մամուլի ներկայացուցիչների հետ շփումից, իսկ պապարացիներին շեղելու համար տարբեր հյուրանոցներում նրա անունով մի քանի համար է ամրագրվել: Համերգի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ շոուն իսկապես շքեղ է լինելու. բոլոր անհրաժեշտ սարքավորումներն այստեղ են փոխադրվել չորս Բոինգ-747 ինքնաթիռով, ևս 16 տրեյլեր նավով տեղափոխվել է Իսրայել: Հայտնի է նաև, որ յուրաքանչյուր երգից առաջ «սուպերբեմը կերպարանափոխվելու է»:
Ռամաթ Գանայի համերգին ականատես լինելու համար Իսրայել են եկել Մադոննայի հազարավոր երկրպագուներ: Տոմսերի արժեքը 62-620 դոլար է: Ընդ որում՝ ամենաթանկ տոմսերը «խոստանում են» փափուկ նստատեղեր, մեքենայի ավտոկանգառ և մասնակցություն VIP երեկույթին:
Մադոննայի պաշտոնական կայքի համաձայն՝ երգչուհու համաշխարհային շրջագայությունը ներառում է 76 համերգ, որոնց համար արդեն վաճառվել է 1,4 մլն տոմս: Բացի Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից՝ փոփ-աստղը խոստացել է ելույթ ունենալ նաև Ռուսաստանում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Ավստրալիայում, որտեղ Մադոննային չեն տեսել շուրջ 20 տարի: Օտարերկրյա հրատարակությունների հաշվարկներով՝ նոր մեկնարկող հյուրախաղերն արդեն բերել են 240 մլն դոլարի եկամուտ, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի շուրջ 300 մլն դոլար: