Հայկական պատվիրակությունը վերադարձել է Կաննից

Հայկական կինոկենտրոնը չորրորդ անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային: Այս տարի հայկական կինոն ներկայացնելու համար կինոկենտրոնը այլ ձևաչափ էր սահմանել` նախագծերն ընտրվել էին ներկայացված հայտերից:

«Եթե նախորդ տարիներին մենք էինք հնարավորություններ փնտրում հանդիպումներ կազմակերպելու կինոկենտրոնների ներկայացուցիչների և պրոդյուսերների հետ, ապա այս տարի տաղավարը մշտապես լի էր հյուրերով»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայկական կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա ներկայացրեց կատարված աշխատանքը, ինչպես նաև խոսեց ակնկալիքներից:

Կինոշուկային` բացի Հայկական կինոկենտրոնից, առաջին անգամ մասնակցել է ևս չորս կինոընկերություն` «Բարս» մեդիան, «Պարալլելս ֆիլմ» ընկերությունը, «Մենարտ ստուդիա»-ն և «Հայկ» կինոստուդիան:

Հայֆրանսիական համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի և կենտրոնի մասնագիտական խմբի հետ կայացած երեք աշխատանքային հանդիպումները չափազանց արդյունավետ են եղել: Հիշեցնենք, որ այս տարի Ֆրանսիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության պայմանագիր էր կնքվել, որը և հստակեցվեց Կաննի կինոշուկայում:

Քննարկված թեմաների շարքում Գևորգյանը կարևորում է կինոյի մասին օրենքի նախագծի պատրաստումը, որին կմասնակցեն երկու երկրների փորձագիտական խմբերը: «Մենք պիտի բոլոր մեր ունեցած նյութերը փոխանցենք ֆրանսիացի փորձագետներին, որից հետո նրանք կգան Հայաստան և այստեղ մեր մասնագետների հետ միասին կստեղծվի մեզ այդքան անհրաժեշտ կինոյի օրենքի նախագիծը, որը և կներկայացվի Ազգային ժողով»,-ասաց Գևորգյանը:

Ներկայումս Հայկական և ֆրանսիական կինոկենտրոնները ներգրավված են «Փարաջանով» ու «Մոսկվիչ` իմ սեր» ֆիլմերի համատեղ արտադրության մեջ: Հանդիպումների ժամանակ կողմերը պայմանավորվել են ևս երկու ֆիլմերի կոպրոդուկցիայի վերաբերյալ:

Հայռուսական համագործակցության առումով` Ruscico դիստրիբյուտորական ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնություն «Հայֆիլմ» ստուդիայի ֆիլմերի վերականգման, թվայնացման և դիստրիբյուցիայի մասին: «Առաջինը «Զինվորը և փիղը» պիտի ուղարկենք, որից հետո, ըստ կատալոգի, նաև մնացած ֆիլմերը»,-ասաց Գևորգ Գրևորգյանը:

Հայ չինական համագործակցության շրջանակում չինական պետական հեռուստաալիքներից մեկի հետ ձեռք է բերվել համաձայնություն ֆիլմերի փոխանակման և ցուցադրման վերաբերյալ: Որոշվել է նաև Հայաստանի և Չինաստանի մասին տեղեկատվական ֆիլմերի նկարահանման ու ցուցադրման հարցը:

«Այս նախագիծը պիտի նաև հայկական հեռուստաընկերությունների հետ համատեղ իրականացվի»,-ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Գևորգ Գևորգյանն ավելացրեց նաև, որ հաջորդ տարի Կաննի կինոշուկայի մասնակցության դիմորդների նախագծերը նախ կներկայացվեն Հայաստանում: Կինոշուկայի մասնակիցները կորոշվեն հանրային ընտրության միջոցով:

Մեկնաբանել