Գնաճը թիրախի չի գալիս

Գնաճը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով նահանջել. մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0,5%՝ 2-տոկոսային կետով շեղվելով նպատակադրված ցուցանիշի (4±1,5%) ստորին սահմանագծից։ Նշենք, որ մարտին շեղումը կազմել էր 0,3-տոկոսային կետ, ապրիլին՝ 0,6։ Գնաճի մայիսյան նահանջը պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի ապրանքային խմբերում գների նվազումով։

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2012թ. հունվար-մայիս» զեկույցը, որտեղ առկա են մի շարք ուշագրավ տվյալներ։ Դրամի արժեզրկման սպասումների և մի շարք կենտրոնացված շուկաներում գների աճի ֆոնին ԱՎԾ-ն արձանագրել է, որ 2012թ. մայիսին՝ ապրիլի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,4%-ով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների, համապատասխանաբար, 0,2% և 0,1% հավելաճ:

Մայիսի 13-ից արտարժութային շուկայում դրամի 15 կետով արժեզրկումը և որպես հետևանք՝ շաքարավազի, ձեթի, ալյուրի գների ֌5-10-ով բարձրացումն ըստ էության դուրս է մնացել վիճակագիրների ուշադրությունից։ Ըստ ԱՎԾ-ի՝ շաքարավազի գինը մայիսին, ապրիլի համեմատ, նվազել է 1,2%-ով, թեև 2011թ. մայիսի համեմատ աճել է 15,4%-ով։ Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում նույնպես գնանկում է եղել՝ 0,4%։

Վտանգավոր ցածր մակարդակ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ. մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 0,5%։ Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկումը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4%-ով, ծառայությունների սակագները՝ 1,7%-ով։

Ապրիլի համեմատ մայիսի գնաճի նահանջը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի ապրանքային խմբերում գների նվազումով: Պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15,5-0,2% գնանկում, 4-ում՝ 0,1-0,2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլի համեմատ արձանագրված 15,5% գնանկումը պայմանավորված է հիմնականում վարունգի (գները նվազել են 61,4%-ով), խառը կանաչեղենի (գնանկումը՝ 47%), կաղամբի (գնանկումը՝ 23,7%), կանաչ սոխի (գնանկումը՝ 20,3%) գների նվազմամբ։

Նշենք, որ գնաճի նման ցածր մակարդակը, բանջարաբոստանային մշակաբույսերի գների կտրուկ նվազումն ու ԿԲ-ի կողմից վարվող «չեզոք» դրամավարկային քաղաքականությունը ռիսկեր են ստեղծել տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման համար։

Գնաճի շեղումը թիրախային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) թե՛ ստորին, թե՛ վերին սահմանագծից խոսում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։ Տնտեսության բնականոն զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում չափավոր գնաճը։ Հայաստանի դեպքում չափավոր գնաճ է համարվում 4%-ը։ Թիրախային մակարդակից ցածր գնաճը դանդաղեցնում է տնտեսական աճը, քանի որ տնտեսապես անարդյունավետ է դառնում մի շարք ապրանքների արտադրությունը։ Թիրախային ցուցանիշից բարձր գնաճը հանգեցնում է բնակչության գնողունակության կրճատման, ինչը նույնպես ազդում է տնտեսական աճի վրա։

Հայաստանում ցածր գնաճը վտանգավոր է նաև այն տեսակետից, որ այս տարի կառավարությունը ֌101 մլրդ լրացուցիչ հարկային եկամուտների մոտ ֌70 մլրդ-ը ծրագրում է հավաքագրել տնտեսական աճի և գնաճի հաշվին։ Բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում գնաճը կարևոր է այն տեսակետից, որ հարկային եկամուտների շուրջ 45%-ն ապահովվում է ավելացված արժեքի հարկի հաշվին։
Մայիսին արձանագրված 0,5% գնաճը ԿԲ-ի համար թերևս հնարավորություն է տալիս վերջապես վերանայել անցած տարվա սեպտեմբերից միևնույն՝ 8% մակարդակում պահվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հաշվի առնելով ժամանակային լագի գործոնը՝ դրամավարկային պայմանների թուլացման առաջին արդյունքներն այլ հավասար պայմանների դեպքում տնտեսությունում կզգացվեն միայն 2-6 ամիս անց։ Սա նշանակում է, որ գնաճը կվերադառնա թիրախային 4%-ի մակարդակին միայն տարեվերջին, իսկ թե այդ ամենն ինչպիսի ազդեցություն կունենա բյուջեի եկամուտների հավաքագրման վրա, ցույց կտա ժամանակը։

Մեկնաբանել