Ծառուկյանի լռելյայն բոյկոտը

Նորընտիր որևէ խորհրդարանի անդրանիկ նիստը միանշանակ կարևորագույն նիստերից մեկն է, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության նախագահը խորհրդարանում հազվադեպ է ներկա լինում և ելույթ ունենում խորհրդարանում, ապա կարելի է ասել, որ մայիսի 31-ին հինգերորդ գումարման խորհրդարանի նիստը հատուկ նշանակություն ուներ:

Այս համատեքստում հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը (ԱԺ համանուն խմբակցության ղեկավար) Գագիկ Ծառուկյանը ներկա չէր: Հազիվ թե ներքաղաքական բուռն գործընթացների շրջանում նա նիստին մասնակցելուց ավելի կարևոր գործ ունենար: Ծառուկյանի այս որոշումը թերևս քաղաքական դիրքորոշման արտահայտություն էր ՀՀԿ-ի և նրա առաջնորդի վարած քաղաքականության նկատմամբ: Փաստացի՝ Ծառուկյանը բոյկոտել է Սերժ Սարգսյանի ելույթը, և ինչպես հայտնի է՝ բոյկոտը նշանակում է անհամաձայնություն կամ բողոք:

Իսկ ինչի՞ հետ կարող էր համաձայն չլինել և բողոքեր Գագիկ Ծառուկյանը:

Հնարավոր է՝ բողոքն ուղղված լինի կասկածելի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի, այնտեղ մեծամասնություն կազմող ուժի դեմ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բոյկոտելը ուղղակի նշանակում է անհամաձայնություն երկրի ապագայի հետ կապված Սերժ Սարգսյանի ունեցած մոտեցումներին:

Ուշագրավ է, որ խորհրդարան անցած արմատական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, նույնպես բոյկոտել է խորհրդարանի անդրանիկ նիստը և պաշտոնական հայտարարությամբ բացատրել, թե ինչու: Կարծես, Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ-ը արել են գրեթե նույն բանը, պարզապես ԲՀԿ առաջնորդը դա արել է լեռլյայն:

Մեկնաբանել