Հադրութի ավերման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական․ Այվազյան

Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։

«Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ»,- ասել է նա։

Արա Այվազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է պայքարել արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ: