Ինչ անել պատերազմից հետո․ Վիգէն Չեթերեան

Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս, լրագրող և հեղինակ Վիգէն Չեթերեանը։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը քննարկումների շարք է անցկացնում «Պատերազմից հետո, խաղաղությունից առաջ» խորագրով։ Քննարկման հերթական հյուրը Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս, լրագրող և հեղինակ Վիգէն Չեթերեանն է։ Նրա հետ զրուցել են Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը և նույն ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր Էմիլ Սանամյանը։ Չեթերեանի մտքերը թարգմանաբար ներկայացված են ստորև՝ խմբագրումներով և կրճատումներով։

Երևանի ուղերձները պատերազմից հետո

Երբ հետևում ենք Հայաստանի վարչապետին, նրա աշխատակազմին, ապա տպավորություն է, թե հակամարտությունն անցյալում է և, որ հիմա վարչապետի հիմնական մտահոգությունն է, որ կյանքը շարունակվի սովորականի պես։ Սա կարող է տարօրինակ թվալ, բայց այդպիսի ուղերձ է հնչում Նիկոլ Փաշինյանի գրասենյակից։ Ես այդպես եմ ընկալում։ Միևնույն ժամանակ գիտենք՝ երկիրը շատ խորը ներքին քաղաքական ճգնաժամի մեջ է հիմա, և ուղերձն այն է, որ ճգնաժամի լուծումն այս պահին կասեցված է, գործադիրի փորձը լուծելու այդ խնդիրը՝ առկախված։ Նոյեմբեր-դեկտեմբերին գաղափարը հետևյալն էր՝ կազմակերպել ընտրություններ։ Ներկայում մենք զգում ենք, որ այդ գաղափարը մի կողմ է թողնվել՝ Հայաստանի վարչապետի կողմից, և մենք չգիտենք՝ ներքաղաքական ճգնաժամին ինչ լուծում է տալիս նա։ Գիտենք, որ կա ճգնաժամ, Հայաստանի ներսում կա քաղաքական լեգիտիմության հարց, բայց չգիտենք, թե որն է այս մարտահրավերին վարչապետի պատասխանը։ 

Երևանում տարբեր ինստիտուտներ կարող են տարբեր ուղերձներ հղել։ Օրինակ՝ լսում ենք այն դիսկուրսը, որ արտգործնախարարությունն է ձևավորում։ Նրանք մատանացույց են անում, թե Թուրքիան, Ադրբեջանը խախտում են մի շարք սկզբունքներ, իրավունքներ, բայց առաջ չեն անցնում և չեն խոսում՝ ավելի նախաձեռնողական դիվանագիտության փուլի բառամթերքով։ Հայաստանում այս երկու ինստիտուտների մասով կա որոշակի շփոթություն և շատ պաշտպանողական կեցվածք։ 

Ի՞նչ է մեզ պետք։ Առաջին հերթին՝ հասարակական քննարկումներ, հասարակության մեջ քննարկումներ։ Այս պահին սահմանափակվենք Հայաստանով։ Հայաստանը պետք է խորը քննարկում ունենա՝ անցյալում ընտրված տարբերակների և ապագայում իսկապես հնարավոր տարբերակների շուրջ, ոչ թե երազի ինչ-որ իրավիճակի մասին, օրինակ՝ մենք ուզում ենք դառնալ Կովկասի Իսրայելը։ Հայաստանը իր ՀՆԱ-ի հինգ տոկոսը արդեն ծախսում էր բանակի վրա, ինչքան ավելի պիտի ծախսվեր, որ անվտանգությունը և բարեկեցությունը 2020-ի պատերազմից հետո ապահովվի։ Հիմա ինչքա՞ն պետք է ծախսվի բանակի վրա։ Մենք պետք է իրական ընտրության տարբերակները և դրանց ինքնարժեքը դնենք սեղանին և հանրային քննարկում ունենանք դրա շուրջ։

Բաքվի ուղերձները պատերազմից հետո

Ադրբեջանում սկզբում տոնում էին հաղթանակ։ Երբ կարդում էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Բաքվում հաղթանակի շքերթի ժամանակ, ամբողջ խոսքը հետահայաց էր, ապագայի որևէ գաղափար չկար։ Ադպես կարող էր լինել, քանի որ քաղաքական վերնախավը Բաքվում պատրաստ չէր այդ հաղթանակին, պատրաստ չէր ունենալ այլընտրանքային քաղաքականություն՝ այն պարագայում, երբ փոփոխություն տեղի ունենար հայ-ադրբեջանական հարաբերություններում։ 

Վերջին մի քանի օրերին մի նոր դիսկուրս է ի հայտ գալիս․ եթե հետևեք ադրբեջանական այսօրվա մեդիաներին, կտեսնենք, որ մի քանի հարցազրույց  է եղել Ալիևի մասնակցությամբ։ Դրանցում նա կամաց հեռանում է բևեռացնող, թշնամական բառապաշարից, ավելի շատ խոսում է ապագայի մասին՝ «հակամարտությունը ավարտված է, եկեք մտածենք խաղաղության, ապագայի մասին»։ Հենց խաղաղություն բառն էր օգտագործում նա։ 

Ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը Արցախում

Իմ զգացողությունն այն է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է չսադրել իրավիճակը, չբևեռացնել, այլ մեծապես ներդրումներ անել՝ օգնելու Ղարաբաղի հայերին և իշխանություններին։ Սա շատ ակնհայտ է։ Մեծ ներդրումներ են անում, որ հայերը վերադառնան, վերակառուցվեն տներն ու ենթակառուցվածքները, որպեսզի արցախցիները ոչ միայն վերադառնան, այլև անպայման մնան այնտեղ։ Դա անելու համար անհրաժեշտ է ապահով միջավայր։ Հայաստանի ղեկավարներն այդ ուղղությամբ, ըստ իս, աշխատում են։ Ես կարծում եմ, որ այդ խնդրի շուրջ նրանք աշխատում են ձեռ ձեռքի Ռուսաստանի իշխանության, ռուս խաղաղապահների հետ, որոնք ներկայում ապահովում են Ղարաբաղի անվտանգությունը։

Որքանով են Երևանում և Բաքվում գիտակցում նոր իրավիճակը

Ես համոզված չեմ, որ Բաքվում ու Երևանում քաղաքական առաջնորդները գիտակցում են՝ ինչպիսի կտրուկ գործողություններ են տեղի ունեցել պատերազմից հետո։ 

Հայաստանը բոլորովին այլ աշխարհաքաղաքական միջավայրում է հայտնվել՝ շատ ավելի մեծ ռուսական ազդեցության ներքո է, քան նախկինում։ Մոտ ապագայում մենք կարող ենք տեսնել քաղաքական այլ դիսկուրս և քաղաքական ընտրության այլ տարբերակներ, քանի որ Հայաստանն այլ իրողության պայմաններում է ապրում հիմա։ 

Ես չգիտեմ՝ Բաքվում քաղաքականություն մշակողները որքանով են հասկանում, որ այս հաղթանակի համար իրենք ահռելի գին են վճարել և դարձել մի տարածք, որտեղ տարբեր ուժեր գոյակցում են։ Այդ ուժերն այս պահին կարող են ներդաշնակ լինել, բայց ո՞վ գիտի, թե ինչ տեղի կունենա Մոսկվայի և Անկարայի  կամ Անկարայի և Թեհրանի միջև հարաբերություններում։ Վեց ամսից կամ երկու-երեք տարուց, ես չգիտեմ՝ ինչքանով են ընկալելի աշխարհաքաղաքական նոր խաղի չափորոշիչները տարածաշրջանում։ 

Չի կարելի հույսը դնել միայն պետական պաշտոնյաների վրա

Մենք չենք կարող հույսը դնել միայն պետական պաշտոնյանների և նրանց նախընտրանքների վրա։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 26 երկար ու ձիգ տարիներ են ունեցել բանակցելու համար։ Բանակցությունները մենաշնորհի են վերածել, չեն կարողացել գտնել լուծում ու հանգեցրել են երկրորդ պատերազմին։ Հիմա մեզ նման մարդիկ՝ լրագրողները, գիտնականները, կարծիք ձևավորողները, նաև՝ հանրությունը, երկու երկրների քաղաքացիները, պետք է պատասխանատվության իրենց բեռը վերցնեն և ասեն՝ «մե՛ր խնդիրն է, նաև մենք պետք է ձգտենք այնպես անել, որ այս հակամարտությունը լուծում ունենա, որ հարաբերությունները կարգավորվեն, երկխոսության ալիքներ գտնենք, որպեսզի նույն տեսակ բևեռացումը և պատերազմական մոտեցումը չվերարտադրվի»։

Դիսկուրս՝ «դավաճան – ոչ դավաճան հարթությունից» անդին

Ինչպիսին է պատերազմի հետևանքների մասին դիսկուրսը Հայաստանում՝ ո՞վ է դավաճանը, գտեք դավաճանին։ Սա է միակ դիսկուրսը, որը չի զարգացել դրանից այն կողմ։ Բացառությամբ որոշ կղզյակների, որոնցում  իրոք մարդիկ բարդ հարցեր են տալիս՝ ինչո՞ւ ձախողեցինք, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ հայկական ռազմավարական մտածողությունը տապալվեց, բանակը, դիվանագիտությունը արդյունք չտվեցին։ 

Ոմանք տալիս են հարցեր, բայց երբ նայում ենք հիմնական մեդիաներին, Հայաստանում նրանք այդ դիսկուրսը չեն տարածում։ Փոխարենը դիսկուրսը պարզ մեղադրանքների մակարդակում է։ 

Բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք և պետք է ինքնաքննադատաբար նայենք մեր 26 տարվա աշխատանքին, մեզ՝ որպես անհատներ, թե որտեղ ձախողեցինք։ Միայն դրանից հետո կարող ենք քննարկել և պատասխանել՝ ինչպիսին կարող է լինել ապագան։

Պատերազմից հետո հայերն ու ադրբեջանցիները սկսել են հարցեր տալ

Պատերազմից հետո նոր ժամանակաշրջանի ենք հանգել։ Հայերը Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաև ադրբեջանցիներն Ադրբեջանում և իրենց սփյուռքում պատերազմից հետո հարցեր են տալիս։ Հարցեր, որոնք նախկինում չէին հնչում։ 

Հիմա մենք պետք է փորձենք ոչ միայն ձևակերպել պատասխաններ, այլ լսել տարբեր ձայներ և փորձել խրախուսել, որ դրանք լսելի դառնան։ Ավելի քան երկու տասնամյակ միայն մենախոսություններ էինք լսում Երևանից և Բաքվից ու դրանցից զատ որևէ այլ փորձարկում, գաղափար, հնարավոր տարբերակ չէինք քննարկում։ 

Ոչ մի արտաքին ուժ մեր խնդիրները չի լուծելու

Հեգեմոն չի լինելու, մի երազեք, Սովետը գնաց, չկա։ Հարավային Կովկասը՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, շրջապատված են երեք խոշոր տերություններով, բայց այդ երեք տերությունները ներքին մեծ դժվարություններ ունեն։ Հույս մի դրեք, որ տարածաշրջանային կայունությունը կբխի այդ երեք արտաքին սյուբեկտներից․ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան նույնը չեն լինելու մոտակա տասը-քսան տարիներին։ Այնպես որ, եթե ունեք խնդիրներ, հույսներդ մ՛ի դրեք, որ մեծ տերությունը կխառնվի, կլուծի ձեր խնդիրը։ 

Պատրաստեց Լիա Ավագյանը