Երկնքում մեկ հրեշտակ ավելացավ. Վազգեն Ա

Այսօր Եզնիկ Կողբացու 42 հասցեում, ուր բնակվել է Լուսինե Զաքարյանը, տեղադրվեց երգչուհուն նվիրված հուշատախտակ: Միջոցառմանը ներկա էին երաժշտարվեստի և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, Լուսինե Զաքարյանի բարեկամները, նաև հարևանները:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան, «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը հիշեց, որ մի քանի անգամ շրջագայել է Լուսինե Զաքարյանի հետ: Նա բնութագրեց երգչուհուն իբրև <<համեստափայլ>> անձնավորություն: «Ամենակարևորը, որ կարող եմ ասել այն է, որ նա իր երգած հոգևոր երաժշտության պես մաքուր էր: Դա զգացվում էր և նրա աստվածատուր ձայնում, և կատարումից: Կարծում են` Լուսինեի անունը շատ էր համապատասխանում նրա անձին: Լույս էր սփռում: Թե ոճի, թե երգի մշակույթի իմաստով նա անգերազանցելի է մինչ օրս»,-ասաց նա:

«Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, որը ժամանակակից հոգևոր երաժշտության ջատագովներից է, ևս կարծում է, որ Լուսինե Զաքարյանին մինչ օրս ոչ միայն չեն գերազանցել, այլև չեն հավասարվել: «Նա հոգևոր երաժշտության այն բարակող աղբյուրն է, որի տեղը շատ է երևում: Իմ խորին համոզմունքն է, որ հոգևոր երգեցողությունը բացարձակապես այլ տեսակի երգեցողություն է, իսկ Լուսինեն անկրկնելի է»,-ավելացրեց նա:

Կոմպոզիտոր և դիրիժոր Հենրիկ Անասյանը Լուսինե Զաքարյանի վաղեմի բարեկամն է եղել: 1964-ին, գիտակցելով հնարավոր հետևանքները, առաջին անգամ հնչեցրել է Լուսինե Զաքարյանի երգեցողության ձայնագրությունը ռադիոյով: «Լուսիսնեն աղոթք է, Լուսինեն ինքը հրեշտակն է` Աստծո կողմից պարգևած, Լուսինեն հեղափոխություն կատարեց հայ հոգևոր երաժշտության մեջ: Նա առաջինն էր, որ մեր ժողովրդի գիտակցության մեջ վերականգնեց հոգևոր երաժշտության հմայքը»,-ասաց Անասյանը:

Հուշատախտակի հեղինակը ճանաչված քանդակագործի Լևոն Թոքմաջյանի որդին է` քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Հուշաքարի ստեղծման գաղափարն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հավանությանն ու հովանավորությանը: Ֆոտոշարք

Մեկնաբանել