Ռուսաստան, թե Արևմուտք. բանավեճ

«Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման տաղավարում արևմտամետ կողմը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Մենք մեր ընտրությունն արել ենք արդեն իսկ Սահմանադրությունն ընդունելիս` առաջին կետով, և ձգտել ենք համագործակցել Եվրոպայի հետ: Հայաստանն ունի Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն նաև ռազմական ոլորտում, և միշտ ձգտել է խուսափել բաժանարար գծերից: Փաստ է, սակայն, որ անկախ մեր ցանկությունից` այդ բաժանարար գծերը անցկացվել են»:

Հայաստանն, ըստ նրա, կարող է լինել այն հարթակը, որտեղ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը կհամագործակցեն, և դրանից մեր երկիրը կշահի: «Մինչդեռ երկարաժամկետ պայմանագիր կնքելու [49 տարով] ոչ մի իրավունք չունեին, դա մեծ սխալ էր»,- նշեց նա: Ռուսաստանը, Ալեքսանդր Արզումանյանի բնորոշմամբ, ավազակապետություն է, քրեաօլիգարխիկ համակարգ, որի դեմ էլ այժմ ընդվզում են Ռուսաստանի քաղաքացիները:

«1995թ. դուք մասնակից եք եղել Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելուն` էդ ձեր համոզմունքներին դե՞մ էիք գնում: Կոմերցիոն տնտեսության անվան տակ բազարային տնտեսություն սկսեցիք, մարդիկ չգիտեն` ուր աշխատեն, թողնում-գնում են անընդհատ, արտագաղթը ձեր ժամանակ սկսվեց»,- մեղադրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ Սարգսյանը:

Ըստ նրա` անառարկելի է, որ Եվրոպան նախընտրելի է, բայց կան եվրոպական արժեքներ, որ անընդունելի են: «Եկեք վերցնենք եվրոպական լավը: ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ պաշտպանում է տարածքային ամբողջականությունը, հիմա եթե մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ, դուք հասկանո՞ւմ եք, թե` ուր ենք գնում, ինչ է լինելու»,- հակադարձեց Արամ Գասպարի Սարգսյանը: Արևմտամետները հիշեցրին, որ Ռուսաստանն էլ արցախյան խնդրի հայամետ դիրքորոշման հստակ երաշխիքներ երբևէ չի տվել:

«Դուք, որ Քոչարյանի խորհրդական էիք, Քոչարյանը վաճառեց ամբողջ Հայաստանի տնտեսություն Ռուսաստանին, Հայաստանին դարձրեց Ռուսաստանի վասալ,- նշեց Արզումանյանը: – Հայաստանը Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ էր մեր պայմանագրով: Հիմա Գաբալայի համար Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայքարում են, որ Ադրբեջանում բազա պահեն: Իսկ մենք արտոնյալ պայմաններ ենք ստեղծել օտարի համար, ինչո՞ւ»:

Կողմերը պնդեցին` Ռուսաստանը վատ, օլիգարխիկ պետություն է, որի մոդելը մեր որդեգրած արժեքներին չի համապատասխանում, սակայն Եվրոպան առաջարկում է միայն իր արժեքների համակարգը և ոչ մի խոստում` Արցախի խնդրի կարգավորման կամ ռազմական ընդհարման պայմաններում Հայաստանին հատկացվելիք օժանդակության մասին:

«Հայաստանը պիտի մնա հայկական պետություն, եթե հանուն քո անվտանգության, քո ազգային շահի պետք լինի համագործակցել սատանայի հետ` լինի Իրանի իսլամական հանրապետությունը թե Ռուսաստանը, պիտի համագործակցենք այդ պահին այդ ուժի հետ»,- ասաց Արզումանյանը:

Ռուսամետ կողմը ևս ընդունեց, որ հանուն ազգային անվտանգության` համագործակցությունը «սատանայի հետ» արդարացված է, սակայն հարց է, թե իշխանությունն իրո՞ք «հանուն ազգային շահի» է այդ համագործակցությանը գնում:

«Երբ դու պետության ներսում կիրառում ես երկակի արժեքներ, ապա հաճախ այդ պրոռուսական տրամադրությունը ոչ թե արտացոլում է ազգային արժեքները, այլ` իշխանության մասնավոր շահը: Եվ եթե դու տեսնում ես, թե որտեղ են քո ստրատեգիական արժեքները, տեսնում ես, որ քո իշխանությունը այդ արժեքները վաճառել է Ռուսաստանին»,- հավելեց «Ազատ դեմոկրատներ»-ից Անուշ Սեդրակյանը:

«Մենք գտանք մեր խնդիրների պատասխանը. մեղավորը իշխանություններն են,- ամփոփեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը` նկատելով,- բանավիճողները շատ տարբեր կարծիքներ հնչեցրին, սակայն, ըստ էության, համաձայն են մի հիմնական հարցում` եթե մենք հարգենք ինքներս մեզ, դա կերևա քաղաքականության մեջ, մեր կյանքի այլ ոլորտներում, և մեզ կհարգի նաև աշխարհը»: