ՀԱԿ-ը կփորձի համախմբել ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ի համակարգող, «ՀԱԿ» խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը Armnews հեռուստատեսության տաղավարում նշեց, որ ԱԺ առաջին նիստին ՀԱԿ-ի պատգամավորները չեն մասնակցել, քանի որ չեն ցանկացել ներկա լինել «խախտումներով, ընտրակեղծիքներով պատգամավոր դարձածների խրախճանքին մանավանդ, որ նրանց ողջունելու էր նույնպես կեղծիքներով նախագահության հասած Սերժ Սարգսյանը»: Նա նշեց, որ ազատ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն, իհարկե կունենար ձայներ, սակայն դրանք կլինեին անհամեմատ քիչ: Զուրաբյանի դիտարկմամբ` խորհրդարանում մոտ տասնյակ ՀՀԿ-ական պիտի լիներ:

«Երբ 500-700 հազ. ձայն կեղծում են, շատ դժվար է պարզել, թե այդ պատգամավորներից ով է լեգիտիմ, ով` ոչ,- ասաց Զուրաբյանը:- Եթե Հայաստանում լինեին ազատ և արդար ընտրություններ, մենք կունենայինք 50 մանդատ»: Այս խոսքին իր անհամաձայնությունը հայտնելու համար Լևոն Զուրաբյանը հաղորդավարին հորդորեց «չփչանալ», իսկ հետո որակեց` «սատանայի փաստաբան»:

Անձնական լարումը չմեղմացավ զրույցի ողջ ընթացքում: ԲՀԿ-ի` իշխանությանը կամ ընդդիմությանը միանալը, ըստ Զուրաբյանի, երկրորդական հարց է: Առաջնային հարցը, ՀԱԿ-ի` ՀՀԿ-ին մեկուսացնելու նպատակն իրականացված է, և ըստ Զուրաբյանի` այս պահին «ռեժիմը մեկուսացվել է և արտաքին քաղաքական առումով»` միջազգային դիտորդների կոշտագույն զեկույցով, Պուտինի` Սերժ Սարգսյանին չընդունելով, և ներքին քաղաքական առումով` խորհրդարանում ՀՀԿ-ի մեկուսացումն արտահայտվում է «կոալիցիա կազմելու անկարողությամբ»: «Եթե դուք Ձեր հոգուն մեղք կվերցնեք ու կասեք, թե ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելը էական է, ես ուղղակի կասեմ, որ ՕԵԿ-ը քայքայված կուսակցություն է»,- ասաց Զուրաբյանը:

«Ըստ էության պառլամենտում, չնայած իրենք սարքել-կեղծել են, ու ՕԵԿ-ի հետ միասին ունեն 72 մանդատ, բայց ստեղծվել է լուրջ ընդդիմադիր դաշտ` Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, «Բարգավաճը» կարող են համախմբել իրենց ուժերը, և օրինակ, ազատվել ընտրական օրենսգրքի` այս մեծամասնական ընտրական համակարգից, որ, իրականում, ընտրական կեղծարարության ամենամեծ օղակն է»,- նշեց նա:

Զուրաբյանի դիտարկմամբ` ՀԱԿ-ը խորհրդարանում փորձելու է իրականացնել այն բոլոր խոստումները, որ տվել է ժողովրդին, և դրանցով էլ կազմելու է իր օրակարգը: Սակայն, ըստ նրա, ՀԱԿ-ը ոչ միայն «օրինագծեր է անցկացնելու, այլև` օգտագործելու է այդ հարթակը հայտարարությունների համար»: «Չեմ բացառում նաև, որ որոշ օրինագծերի համար մենք ժողովրդին ոտքի հանենք և բերենք Ազգային ժողով»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի կազմից դուրս եկած «Հանրապետական» և «Հայաստանի լիբերալ» կուսակցություններին` Զուրաբյանն ասաց. «Ես կուզեի շնորհակալություն հայտնել Կոնգրեսը լքած կուսակցություններին տարիների համատեղ աշխատանքի համար, սակայն հավատացեք, որ այդ երկու կուսակցությունները ՀԱԿ-ի ուժը չէին բնավ, իսկ ընտրությունների ժամանակ բոլորովին չէին մասնակցում… համարյա»:

ՀԱԿ-ը լքելու` ռուսամետության բացատրությունն, ըստ Զուրաբյանի, անհիմն է: «ՀԱԿ-ը ռուսամետ չէ: Կան ուժեր, որ տարբեր կողմնորոշումներ ունեն, սակայն Կոնգրեսի 80-90%-ն ուժը փնտրում է ներսում»,- ասաց նա:

Իսկ Կոնգրեսում ավտորիտար համակարգ, ինչը ևս որպես հեռացման պատճառ է նշվել, ըստ Զուրաբյանի, երբեք չի եղել: «Եթե դու երեք տարի ենթարկվել ես դիկտատորի, դու այլևս իրավունք չունես ազատության մասին խոսել: Իսկ իրականում Կոնգրեսում շատ ազատ է, մարդիկ շատ ազատ կարող են իրենց տեսակետները արտահայտել` թե քաղաքական գաղափարների, թե տնտեսական տարբեր ուղղությունների մասին»: Այդ ազատությունն էլ, Զուրաբյանի դիտարկմամբ, պատճառ է դարձել, որ երկու ամիս շարունակ բանավեճերից հետո Լևոն տեր-Պետրոսյանը միանձնյա կազմի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը:

Մեկնաբանել