Եվրոպայի առաջնությանը հետևելու եմ հեռուստացույցով. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայության թղթակցի հետ:

– Հենրիխ, բարև, ինչպե՞ս են գործերդ:

– Ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ: Իսկ ձեզ մո՞տ: Արդեն կարոտել եմ Դոնեցկը: Խաղացինք Հունաստանի հավաքականի հետ, պարտվեցինք 0:1 հաշվով:

– Այո, գիտենք, դիտում էինք քո խաղը: Դժվար է՞ր 3 շաբաթյա հանգստից հետո խաղալ:

– Այո, չէ՞ որ վերջին խաղը «Շախտյորի» կազմում մայիսի 10-ին էի անցկացրել, երկար ժամանակ էր անցել: Դժվար էր, մենք լավ մարզավիճակից շատ հեռու էինք: Կարող եմ ասել, որ բոլորը պայքարում էին մինչև վերջ, ցանկանում հասնել դրական արդյունքի, սակայն ինչ-որ բան չստացվեց:

– Հայաստանի հավաքականն արդեն ակտիվորեն պատրաստվո՞ւմ է 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին:

– Այո: Ընկերական խաղերի միջոցով պատրաստվում ենք պաշտոնական խաղերին, որպեսզի կարողանանք ցույց տալ առավելագույն արդյունք:

– Ինչպե՞ս էիր պահպանում մարզավիճակդ այս ընթացքում:

– Մարզվում էի նախկին թիմիս` «Փյունիկի» ընդհանուր խմբի հետ: Թեև առանց խաղերի դա գրեթե արդյունք չի տալիս:

– Պատմիր, Հայաստանում երկրպագուները հետևո՞ւմ են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում Եվրո-2012-ից առաջ: Պատրաստվո՞ւմ են առաջնությանը:

– Այո, իհարկե: Ինձ մշտապես հարցնում են, թե լինելո՞ւ եմ Եվրոպայի առաջնությանը, կգնա՞մ մարզադաշտ: Ես պատասխանում եմ` ոչ, այդ ընթացքում մենք ուսումնամարզական հավաքի ենք գնալու: Սակայն կանեմ ամեն բան, որպեսզի գոնե հեռուստացույցով նայեմ խաղերը:

– Իսկ ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ Դոնեցկ:

– Երևի թե արդեն Ավստրիայի հավաքից հետո կվերադառնամ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել