Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը

Այս մասին նա ասաց կուսակցության՝ այսօր կայացած համագումարի ժամանակ: «Ես նախընտրում եմ լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել: Հավատացած եմ, որ հավաքական թեկնածություն պետք է լինի, և թեկնածուն կարող է ձեզանից մեկը լինել: Ես միայն ուրախ կլինեմ: Այդ է պատճառը, որ չեմ կարծում՝ որևէ առանձին կուսակցություն, իր թեկնածուն առաջադրելով, կդառնա հաջողակ այլընտրանք Հայաստանի համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչու «Ժառանգություն»-ը չէր մասնակցել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, կուսակցության առաջնորդը բացատրեց, որ մի շարք պատճառներ հաշվի առնելով՝ կարելի է պատկերացնել՝ ինչու քաղաքական ուժը չէր գնացել ԱԺ:

Մեկնաբանելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից պատգամավորական մանդատներ վերցնելու փաստը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դա նրանց իրավունքն էր, և իրենք գործընկերների արարքի մեջ տարօրինակ ոչինչ չեն տեսնում:
Հովհաննիսյանը իր խոսքի մեջ ողջունեց Սահմանադրական դատարան դիմելու Հայ ազգային կոնգրեսի քայլը: «Այս առումով ամենակազմակերպվածը նա աշխատեց: Սա ցույց է տալիս, որ նրանք մյուսներից ավելի կազմակերպված էին»,- ասաց նա:

Հարցին՝ ո՞վ կարող է ղեկավարել կուսակցության խմբակցությունը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա կորոշի վարչությունը:

Մեկնաբանել