Յուրա Մովսիսյան. Որպես մարդ երբեք չեմ վաճառվի

Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է բաց մարզում։ Մարզումից հետո լրագրողները կարճ ճեպազրույցներ են ունեցել մեր խաղացողների, այդ թվում՝ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ։ Նա անդրադարձավ Հունաստանի հետ ընկերական խաղի արդյունքներին, ինչպես նաև խոսեց «Կրասնոդարից» այլ ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին։
Յուրա Մովսիսյանը Հունաստանի հավաքականի հետ հանդիպմանն իր ցուցադրած խաղը գնահատեց անբավարար։ Նա ասաց, որ թիմը երկու տարբեր խաղակեսեր ունեցավ։ «Եթե առաջին խաղակեսում ոչ մի բան չէր ստացվում, ապա երկրորդ խաղակեսը վատ չանցկացրինք»։ Այն հարցին, թե ճիշտ է արդյոք «Կրասնոդարի» ղեկավարության երեկվա հայտարարությունն այն մասին, որ Յուրա Մովսիսյանը չի վաճառվում, մեր ֆուտբոլիստը պատասխանեց․«Իհարկե ես չեմ վաճառվում (ժպտում է)։ Որպես մարդ ես երբեք չեմ վաճառվի։
«Կրասնոդարում» խոստացել են, որ եթե լինեն առաջարկներ, ապա ակումբը հաշվի կառնի նաև իմ կարծիքը։ Մեկ այլ ռուսական ակումբ չեմ տեղափոխվի, քանի որ ցանկանում եմ կարիերաս շարունակել Եվրոպայում»,- ասաց Մովսիսյանը։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել