Պուտինը դրական է գնահատել ՌԴ-ԵՄ գագաթաժողովի արդյունքները

«Գագաթաժողովի ընթացքում մեզ հաջողվեց հաստատել ռուս-եվրոպական համագործակցության ռազմավարական բնույթի ընդհանուր ըմբռնումը»,- ասել է Պուտինը գագաթաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում։

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ քննարկումներում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի ու Եվրամիության միջև անայցագիր ռեժիմի հաստատման թեմային։ «Ակնհայտ է, որ առկա այցագրային խոչընդոտները արգելակ են հումանիտար շփումների զարգացման համար, տնտեսության զարգացման համար»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերություններում շարունակում են մնալ բարդ հարցեր, որոնց նույնպես ուշադրություն է դարձվել։ Այդ հարցերի թվում նա նշել է համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ արդյունքում կողմերին կհաջողվի փոխընդունելի լուծում գտնել։

Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ինտեգրման խնդիրները եվրասիական ու եվրոպական տարածքում, Ռուսաստան-ԵՄ հիմնարար նոր համաձայնագրի աշխատանքները, իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Իրանի շուրջ։

Մեկնաբանել