«Քարդաշյաններ. խիստ գաղտնի» գիրքը մտել է The New York Times-ի բեսթսելլերների ցուցակ

Կինոյի և էստրադայի աստղերը իրենց հիմնական գործունեությունից բացի աշխատում են նվաճումներ արձանագրել շատ այլ ոլորտներում՝ հագուստի անհատական գծի մշակում, անվանական օծանելիք, ռեստորանային բիզնես և բարեգործություն: Աստղերի սիրված զբաղմունքների թվում է նաև մտավոր հոբին՝ ինքնակենսագրական գրքեր ու պատմվածքներ գրելը:

Եվ այսպես՝ դերասան Կիանու Ռիվզը իր «Գովք երջանկությանը» գրքում պատմում է՝ ինչպես ազատվել դեպրեսիայից և միայնությունից, ինչպես շարունակել ապրել ողբերգական դեպքերից հետո: Դերասանն այս գիրքը գրել է՝ սեփական փորձից ելնելով. 1999-ին նրա կինը մահացած երեխա էր ունեցել, իսկ ավելի ուշ զոհվել ավտովթարում: Կիանուն հույս ունի, որ իր ստեղծագործությունը մարդկանց կօգնի վերապրել դժբախտությունը:

2005-ին Մադոննայի հեղինակած The English Roses մանկական գիրքը թարգմանվել է 40 լեզվով: Դրանում ներկայացված են մի քանի իրական պատմություններ երգչուհու և նրա դստեր՝ Լուրդեսի փոխհարաբերություններից: The English Roses գիրքը մեծ հաջողություն է ունեցել, սակայն ավելի մեծ ժողովրդականություն են վայելում Մադոննայի ոչ թե մանկական պատմությունները, այլ Sex կոչվող գիրքը: Իր շուրջը մշտապես էրոտիկայի և անհագուրդ կրքի մթնոլորտ ստեղծող Մադոննան 1992-ին հրատարակել էր նկարազարդ մի գիրք, որում ընթերցողի հետ կիսել էր իր էրոտիկ մտքերը: Նկարներն այստեղ ուղեկցվում են Մադոննայի՝ սիրեկանների (կանանց և տղամարդկանց) հետ ունեցած նամակագրությամբ: Սկանդալային այս ստեղծագործությունն արգելվել է Հնդկաստանում և Ճապոնիայում, իսկ Ֆրանսիայում լույս է տեսել դատական հայցերի ուղեկցությամբ: Այսօր գիրքը հավաքածուների օբյեկտ է, դրա արժեքը համացանցային աճուրդներում հասնում է 1000 դոլարի:

Մանկական գրականության կապակցությամբ նշենք, որ դերասան Ջոն Տրավոլտան համատեղությամբ նաև մանկագիր է: Դեռևս 1997-ին հոլիվուդյան աստղը հրատարակել էր գիրք, որը պատմում է թռչել ցանկացող Ջեֆի մասին:

Լյուք Բեսոնը, որը սիրում է թրիլլեր նկարահանել, նույնպես մանկական ստեղծագործություն է գրել: Բոլոր դպրոցականները տարվել են Արթուր անունով տղայի մասին պատմությամբ: «Արթուրը և երկու աշխարհների պատերազմը» գիրքը չորրորդն է. առաջին երեքը վաճառվել են մեկ միլիոն տպաքանակով 30 երկրում:

Ժամանակին պարկեշտ աղջիկ Բրիթնին գրել է «Նվեր մորը» գիրքը, որում պատմել է0 իր և մոր միջև ջերմ հարաբերությունների, մանկական հուշերի մասին: Գիրքը, սակայն, սկանդալ է հրահրել, քանի որ հայտնի է դարձել, որ Բրիթնիի մայրն ամեն հարմար առիթով փորձել է դրամ վաստակել աղջկա հաշվին և նրան դարձնել «եկամտաբեր տիկնիկ»: 

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելի գրքի հիմնական թեման բարձր նորաձևության աշխարհն է և երիտասարդ մոդելների դժվար ուղին այս բիզնեսում:

Իսկ Քարդաշյան քույրերի՝ 275 հազ. տպաքանակով լույս տեսած «Քարդաշյաններ. խիստ գաղտնի» գիրքը մտել է The New York Times-ի բեսթսելլերների ցուցակ: Գրքում քույրերը կիսում են գեղեցկության և ոճի իրենց գաղտնիքները, պատմում ծնողներից լսած կենցաղային իմաստությունների մասին՝ այդ ամենն ուղեկցելով մանկության նկարներով ու բացիկներով: