Փհենյանը սպառնում է հրթիռակոծել Հարավային Կորեայի լրատվամիջոցները

Փհենյանը վերջնագիր է ներկայացրել՝ Սեուլից պահանջելով ներողություն խնդրել Հյուսիսային Կորեայի Երեխաների միության 66-ամյակին նվիրված փառատոնի «թշնամական» լուսաբանման համար։

Զինվորականները հայտարարում են, որ հրթիռներ են ուղղել Հարավային Կորեայի մի շարք օբյեկտների ուղղությամբ։ Ելնելով ԿԺԴՀ-ի ներկայացրած ցուցակից՝ նշանառության տակ են հիմնականում թերթերի խմբագրություններ, ինչպես նաև հեռուստառադիոկայաններ։

Սեուլը այս սպառնալիքներն անվանել է «վրդովեցուցիչ», «սադրիչ» և «ժողովրդավարության սկզբունքներին հակասող»։

Փհենյանում շաբաթ օրը տեղի ունեցած փառատոնի ժամանակ մոտ 20 հազ. աշակերտ հավատարմության երդում է տվել Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինին։

Հարավկորեական լրատվամիջոցները փառատոնը լուսաբանել են՝ որպես ԿԺԴՀ-ի իշխանությունների կազմակերպած հերթական պրոպագանդիստական միջոցառում։

Փհենյանի կարծիքով՝ դեպքերի այդպիսի լուսաբանումը թշնամական է ու չի համապատասխանում իրականությանը։