Հիլարի Քլինթոնը Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում են այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ազատ խոսքի խթանման դիրքերից: ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության տեղեկացմամբ`պետքարտուղար Քլինթոնը առանձին հանդիպում է ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ: Այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հկ-ների և րատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուրը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին է հանձնել «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», – ասել է Ալեքս Սարդարը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», – ասել է դեսպանը:

ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր է ասել նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշել է. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ է հանձնել բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման», – ասել է Հրիստեան:

Մեկնաբանել