Բրիտանահայ գրողը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բրիտանահայ գրող, լրագրող Ասատուր Գյուզելյանին հանձնել է «Մովսես Խորենացի» մեդալը` Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

«Մեծ հայրենասեր Գյուզելյանն իր կյանքի 80 տարիների պատկառելի մասը նվիրել է հայոց պատմությանը, մշակույթին և գրականությանը: Մարդ, ով իր ամբողջ գրական կյանքը նվիրել է հայապահպանությանը»,-նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ`ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նշենք, որ 2012թ. մարտի 27-ին Գյուզելյանը պարգևատրվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` հայ գրականությանը, մշակույթին, նոր սերնդի հայեցի դաստիարակությանը, հայ ժողովրդին և Հայաստանին մատուցած 60-ամյա ծառայության համար:

Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Նա ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, գրական պատմաբանասիրական ուսումնասիրությունների:

Մեկնաբանել