«Եղբայրություն և բարիդրացիություն»․ Մոսկվայի և Անկարայի հայտարարությունները՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ

Պաշտոնական Մոսկվան և Անկարան Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայի պայամանագիրը «շատ կարևոր տեղ է զբաղեցնում ռուս-թուրքական հարաբերություններում, և ցայսօր չի կորցրել իր արդիականությունը»:

«Պայմանագիրը, որը կնքվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց, քաղաքական իմաստով կարևոր է ոչ միայն այդ ժամանակաշրջանի համար, այլև իրավական տեսանկյունից վավեր է նաև այսօր»,- նշում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Անկարայում համոզված են, որ երկու երկրների միջև նման համագործակցությունը ներկայում էլ նպաստում է «ոչ միայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, այլ նաև՝ տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Մոսկվայի պայմանանգիրը որակելով որպես երկու երկրների միջև հաստատված ժամանակակից հարաբերությունների հիմք:

«Մեր համագործակցությունը, հիմնված լինելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և շահերի փոխըմբռնման վրա, ունի խորը արմատներ, որոնք միտված են Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարգավաճմանը՝ հանուն տարածաշրջանի և ընդհանուր Եվրոպական մայրցամաքի կայունության և անվտանգության համար»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Պաշտոնական Մոսկվան վերահաստատել է նաև իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով:

***

Մոսկվայի ռուս-թուրքական՝ «Եղբայրության և բարեկամության մասին» պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին։

Կարդացե՛ք նաև՝

«Թուրքիայի հետ չմտնել բանակցային գործընթացի մեջ, որով ՀՀ-ն կճանաչի Մոսկվայի կամ Կարսի պայմանագիրը»

Մեկնաբանել