Սահմանային միջադեպերը շատանալու են. Ալեքսանդր Արզումանյան

«Ադրբեջանի նախագահը, պաշտպանության նախարարն առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով հարցը կարգավորել, սակայն Ադրբեջանը կերազեր, որ կարողանար ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորել»,- «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա` սահմանային միջադեպերը, հենց այս օրերին տեղի ունենալով, այս խնդրի վրա են բևեռում նաև Քլինթոնի ուշադրությունը. նրան որոշակի հարց է տրվել իր այցի օրը երեք հայ զինծառայողների սպանության վերաբերյալ, սակայն տիկին Քլինթոնն ընդհանուր պատասխան է տվել` խոսելով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքի մասին:

Քլինթոնի այցի օրակարգը հագեցած է, վստահ է Արզումանյանը, քննարկվելու են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-իրանական հարաբերություններ և տարածաշրջանային այլ խնդիրներ: Քլինթոնը հայ-թուրքական հարաբերություններում առկա է համարում բանակցությունների գործընթաց` համարելով, որ այս պահին «գնդակը Թուրքիայի դաշտում է», սակայն Ա.Արզումանյանի դիտարկմամբ` այդ հարցն արդեն փակված է, այն «օրակարգից դուրս է եկել Թուրքիայում, իսկ Հայաստանում էլ նոր խոհրդարան է ձևավորվել, որի սեղանի վրա այդ հարցը չկա»:

ՀՀ նորանշանակ կառավարության նպատակն այս պահին, ըստ Արզումանյանի, իշխանության վերարտադրությունն է, որի շրջանակում են լինելու բոլոր հայտարարությունները, գործողությունները: Նախագահական ընտրությունները ևս, ըստ Արզումանյանի, զերծ չեն լինելու ընտրախախտումներից: «Այսօր մենք ընտրախախտումների ավելի մշակված մեթոդների ենք առերեսվում` չկան զանգվածային լցոնումներ, բռնություններ, ընդգծում են եվրոպական պրոցեդուրա ընտրատեղամասերում, իսկ դրանցից դուրս բաժանում են ընտրակաշառք»,- ասաց նա:

Մեկնաբանել