ԱՄՀ փողերն ուշանում են

Արժույթի միջազգային հիմնադրամը չի շտապում Հայաստանին հատկացնել «Երկարաձգվող ֆինանսավորում» (Extended Financing Facility, EFF) և «Երկարաձգվող վարկավորում» (Extended Credit Facility, ECF) ծրագրերի շրջանակում նախատեսված մոտ $60 մլն-ի հերթական տրանշը։ Վարկային միջոցների հատկացման հարցը պետք է քննարկվեր մայիսի վերջին, սակայն այն ոչ միայն չի քննարկվել, այլև ընդգրկված էլ չէ ԱՄՀ տնօրենների խորհրդի՝ հունիսի առաջին տասնօրյակի օրակարգում։

Մայիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհուրդը պետք է քննարկեր և հաստատեր Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորում» և «Երկարաձգվող վարկավորում» ծրագրերի շրջանակում հերթական՝ մոտ $60 մլն տրանշի հատկացումը։ Հարցի քննարկման ժամկետը մարտի 27-ին Երևանում բարձրաձայնել էր ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը (մարտի 14-27-ը ԱՄՀ առաքելությունը Հայաստանի իշխանությունների հետ ծավալել էր չորրորդ ամփոփիչ ստուգման քննարկումներ)։

ԱՄՀ պաշտոնական կայքից, սակայն, երևում է, որ միջոցների հատկացումը տնօրենների խորհրդում մայիսին ոչ միայն չի քննարկվել, այլև չի ներառվել հունիսի 6-ի և 8-ի նիստերի օրակարգում։ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Օրակարգ»-ին հաստատեց, որ հերթական տրանշի հատկացումը մի փոքր ուշացել է։ «Նախատեսված է, որ ԱՄՀ տնօրենների խորհուրդը հարցը կքննարկի հունիսի 18-ին սկսվող շաբաթվա ընթացքում»,– նշեց Տոլոսան:

Մեկնաբանելով տեղեկությունը, թե ԱՄՀ-ն այնքան էլ գոհ չէ Հայաստանի կատարողականից, հատկապես հարկային և մաքսային ոլորտի վարչարարության և հարկահավաքման մասով՝ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը նշեց. «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերը շարունակվում են, և դրանց կատարողականը կայուն է եղել: Դրանով հանդերձ՝ մենք իսկապես կարծում ենք, որ կարող է ավելին արվել Հայաստանում հարկահավաքման մակարդակը բարելավելու համար՝ ինչպես օրենսդրության, այնպես էլ վարչարարության մասով: Իշխանությունները շարունակում են հարկաբյուջետային կոնսոլիդացիայի միջոցով կայունացնել պետական պարտքը, որ սկսեն կրճատել այն, և ավելի շատ հարկային եկամուտներ են անհրաժեշտ ծախսերի սահմանափակումները մեղմելու համար: Մենք նաև կարծում ենք, որ հարկային իշխանությունները կարող են ավելին անել երկրում բիզնես միջավայրը բարելավելու համար: Կարևոր որոշ տեխնիկական քայլեր այդ առումով արվել են (օրինակ՝ ընկերությունների էլեկտրոնային գրանցումը, հարկային օրենքների և կանոնների պարզեցումը)»:

Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատված եռամյա «Երկարաձգվող ֆինանսավորում» և «Երկարաձգվող վարկավորում» ծրագրերի նպատակը Հայաստանի հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումն է, ֆինանսական կայունության պահպանումը և տնտեսական աճին ու աղքատության կրճատմանն օժանդակումը։ Հայաստանի իշխանությունները ծրագրերի շրջանակում պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն միջոցառումներ՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանը, միջնաժամկետ կտրվածքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանն ու մրցակցության ավելացմանը։

Նշենք, որ Հայաստանին հերթական տրանշի հատկացման հետ կապված խնդիրը նոր չէ։ Անցած տարի սեպտեմբերի 7-20-ը Երևանում ԱՄՀ առաքելությունը, քննարկելով երկու այս ծրագրերի երրորդ ամփոփիչ ստուգումը, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկավ Հայաստանի իշխանությունների հետ։ Քննարկումները ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը շարունակեցին ավելի բարձր մակարդակում՝ Վաշինգտոնում, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովների շրջանակում։ Արդյունքում հերթական՝ $56,1 մլն տրանշի հատկացման որոշումը ԱՄՀ տնօրենների խորհուրդը կայացրեց դեկտեմբերին։

2010թ. հունիսի որոշմամբ՝ ԱՄՀ-ն մինչև 2013թ. Հայաստանին ընդհանուր առմամբ պետք է 266,8 մլն SDR ($413 մլն) վարկ տրամադրի: ԱՄՀ-ն չորս տրանշներով Հայաստանին արդեն հատկացրել է 144,8 մլն SDR-ի միջոցներ ($224,3 մլն)։

Մեկնաբանել