Հայաստանում շահագործվող կարուսելներն անվտանգ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված է 114 վտանգավոր կարուսել: Դրանք ամեն տարի` սկսած 2006-ից, ենթարկվում են տեխնիկական փորձաքննության, և միայն ԱԻՆ ՏԱ ազգային կենտրոնի դրական եզրակացության դեպքում կարող են շահագործվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը:

«ՀՀ օրենքը սահմանում է համապատասխան չափանիշներ, ըստ որի` կարուսելը համարվում է վտանգավոր: Մնացած փոքր, ցածր, ոչ վտանգավոր կարուսները համարվում են ատրակցիոններ և վերահսկվում են միայն շահագործողի կողմից»,-ասաց նա:

114 վտանգավոր կարուսելներից  93-ն արդեն անցել է տեխնիկական փորձաքննություն, մյուսներն ընթացքի մեջ են: Վտանգավոր համարվող կարուսներից 53-ը Երևանում է:

«Այս տարվա ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ կարուսելների անվտանգության նկատմամբ շահագործողներն ավելի ուշադիր են, պատշաճ վերահսկում են: Ատրակցիոններն ունեն սեզոնային բնույթ, չորսից հինգ ամիս են շահագործվում: Շահագործողները ստանում են համապատասխան միջոցառումների ծրագիր, որոնք պարտավոր են իրականացնել, մասնավորապես՝ վերանորոգել կարուսելները: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության հանգույցներին, կարուսելի աշխատանքը բոլոր ռեժիմներում ստուգվում է: Սակայն մեծ մասամբ թերությունները ոչ տեխնիկական են՝ փաստաթղթերը թերի են լինում», – ասաց ԱԻՆ ՏԱ ազգային կենտրոնի կարուսելների գծով գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ`այս տարի Մոնումենտում կարուսելներ շահագործող ընկերությունը գրանցել է հինգ նոր կարուսել:

Ըստ Հովհաննիսյանի` դրական եզրակացություն ստացած կարուսելների մոտ` տեսանելի վայրում, փակցված են փորձաքննության մասին փաստաղթուղթ, նաև կարուսելներից օգտվելու անվտանգության կանոնները, որոնց հետևելը անվտանգության կարևոր գործոն է:

«Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել նստատեղերի ամրացման համակարգերին»,-ընգծեց փորձագետը:

Վլադիմիր Հովսեփյանի խոսքով`եթե լինեն փորձաքննություն չանցած կարուսելներ, դրանց շահագործումը կդադարեցվի, շահագործողներն էլ կտուգանվեն:

Նշենք, որ ՀՀ օրենքը չի սահմանում կարուսելների շահագործման տարիքը: «Եթե մետաղը հոգնած չէ, ապա կարուսելը կարող է նորմալ աշխատել՝ անկախ հնամաշ տեսքից»,-ասաց Լուսինե Հովհաննիսյանը: