Վատիկանը խիստ քննադատության է ենթարկել ամերիկացի միանձնուհի-աստվածաբանի «Պարզապես սեր. քրիստոնեական սեռական էթիկայի հիմունքները» գիրքը:
Քույր Մարգարետ Ֆարլիի գիրքը լույս էր տեսել դեռևս 2005-ին և 2008-ին արժանացել մրցանակի: Սակայն տարիների ընթացքում հեղինակի գաղափարները սկսել են «մահացու վտանգ» ներկայացնել Սուրբ Աթոռի և հավատացյալների համար: Վատիկանը վստահ է, որ մաստուրբացիայի, միասեռական միությունների և կրկնակի ամուսնությունների վերաբերյալ հեղինակի տեսակետերը «ուղիղ հակասում են» կաթոլիկ եկեղեցու ուսմունքին, և բոլոր դասավանդող կաթոլիկներին արգելել է օգտվել Ֆարլիի աշխատությունից:
Ըստ Վատիկանի ներկայացուցիչների`«այս գիրքն առաջարկում է մարդկային էության և բարոյականության թյուր ընկալում և ոչ մի կերպ չի համապատասխանում սեռական էթիկայի վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու ուսմունքին»:
Իր հերթին ԱՄՆ Յեյլի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում դասավանդող քույր Ֆարլին պնդում է, որ իր շարադրած գաղափարները լիովին համահունչ են աստվածաբանական ավանդույթին: Ֆարլին, մասնավորապես, գրում է, որ «կարելի է հարգել մարդկանց, ովքեր ամուսնանում են իրենց սեռի ներկայացուցիչների հետ: Նրա կարծիքով՝ դա կնվազեցնի հոգեբանական ճնշումն ու ատելությունը, որոնց բախվում են միասեռականները»:
«Այն փաստը, որ քրիստոնյաները նոր գիտելիքներ են ձեռք բերել մարդու մարմնական էության և նրա սեքսուալության առանձնահատկությունների մասին, ստիպում է մեզ սեռական էթիկայի նոր մոտեցումներ առաջարկել», - գրում է գրքի հեղինակը:
Քույր Մարգարետը ստացել է 11 գիտական աստիճան և «Քրիստոնեական էթիկայի միության» ու «Ամերիկայի կաթոլիկ աստվածաբանական միավորման» նախագահն է: Նա նաև Յեյլի համալսարանի քրիստոնեական էթիկայի պատվավոր պրոֆեսոր է:
Civilnet










