Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ նախ տեղի է ունեցել Փաշինյանի և Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այդ համատեքստում կարևորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախահայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:
Վարչապետն ընդգծել է նաև, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց: