Եկել է ժամանակը, որ Ադրբեջանը և Հայաստանը միմյանց հետ սկսեն խոսել․ Սերգեյ Շոյգու

Հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ Ադրբեջանը և Հայաստանը երկկողմ շփումների անցնեն և միմյանց հետ սկսեն խոսել: Այս մասին ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Թուրքիա հետ համագործակցությանն անդրադառնալու համատեքստում Շոյգուն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջին «աշխատանքն էր» Թուրքիայի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը «բավականին բարդ գործողություն է»․ «Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ մի ուրիշ կերպ։ Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…»,- ասել է նա։

Մյուս կողմից, ըստ Սերգեյ Շոյգուի՝ Թուրքիայի միացումն է բարդացրել իրավիճակը․ «Այդ պատճառով էլ պետք էր խոսել և այդ հարցովզբաղվել նաև թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը, հավատացեք, հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն, չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ոչ, համոզել պետք էր բոլորին, անխտիր: Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, որպեսզի նրանք երկկողմ շփումների անցնեն և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։