Գազպրոմը Հայաստանին ժամանակավորապես գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ:

«Պայմանագիրը նախատեսում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը» (ըստ՝ Ինտերֆաքսի):

Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո Հայաստան գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի սահմանով:

2020-ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խմ գազ, 2021-ի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով 310 մլն խմ-ի: 2020-ի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» և «Գազպրոմ Արմենիան» երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը միայն 2021-ի առաջին եռամսյակի համար:

Մեկնաբանել