«Իմ քայլը» և «Լուսավորը» իրար մեղադրում են ընտրությունների չգնալու համար

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր իրականում արտահերթ ընտրություններ չի ցանկանում։

«Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին: Ես համարում եմ, որ «Լուսավորը» գտնում է, որ ընտրություններ պետք չէ անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը` իր դիրքը կարևորելու համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազույցում նշել է Սիմոնյանը։

Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ ոչ միայն «Լուսավոր Հայաստանը», այլև ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ․ «Գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատերը, գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու: Ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի 80 տոկոսը չեն ուզում արտահերթ ընտրություն»,- ասել է նա:

Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր կան․ պետք է հասկանալ՝ ընտրություններն իրականացվելու են գործո՞ղ, թե՞ նոր օրենսգրքով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ալեն Սիմոնյանին։ Նա հայտարարել է, որ «Լուսավորը» պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով:

«Ձեզ ասեմ՝ եթե դա էլ անենք (Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկեն – խմբ.), հիմա էլ ժամացույցս են ուզելու, ասելու են, եթե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը ժամացույցը չտա, չենք անի»,- ասել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը միակ ճանապարհը արտահերթ ընտրությունների անցկացումն է․ «ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

Մարտի 4-ին Կառավարությունում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել էր, որ ընտրություններ անցկացնելու հետ կապված «այս պահին որևէ հարցի վերաբերյալ համաձայնություն չունեն», բայց «կա կամք շարունակելու բանակցությունները»։

Մեկնաբանել