Պետական դավաճանությունն ու լրտեսությունը կարող են պատժվել նաև ցմահ ազատազրկմամբ․ նախագիծ

Պետական դավաճանության համար առավել խիստ պատիժ, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում նախատեսող նախագիծը մարտի 17-ին դրական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Փաստաթուղթը մշակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Փետրվարին այն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Խմբակցությունն առաջարկում է պետական դավաճանության համար նախատեսված՝ 15-20 տարի ժամկետով ազատազրկումը խստացնել՝ ավելացնելով նաև ցմահ ազատազրկում։ Այսինքն՝ դատարանն ինքը պետք է որոշի՝ անձին ազատազրկում է մինչև 20 տարի ժամկետով, թե՝ ցմահ։

Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններով էր խորհդարան եկել կառավարության ներկայացուցիչը, որի փոխանցմամբ՝ գործադիրում նպատակահարմար են համարում, որ ցմահ ազատազրկում պատժատեսակ նախատեսվի նաև լրտեսության համար։

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Հայաստանի դատարանները քննել են պետական դավաճանության վեց գործ՝ 15 անձի վերաբերյալ։ Այդ գործերից միայն երկուսն է դռնբաց կարգով քննվել։ Ամենախիստ պատիժը, որ դատարաններն ընտրել են ամբաստանյալներից երկուսի նկատմամբ, 14 տարվա ազատազրկումն է։