Ադրբեջանն արգելափակում է ՄԱԿ-ի մուտքը Արցախ․ ՀՀ փոխարտգործնախարար

Բնակելի շենք Ստեփանակերտում՝ 44-օրյա պատերազմի հրետակոծության ժամանակ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հայտարարել է, որ չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, ինչը բացասական հետևանքներ է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն, մարտի 17-ին Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված էր COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։

Նա նշել է, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար:

Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։

Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներին, ներգրավվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերին և վերականգնմանը։