Դատարանը բավարարեց Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշեց կիրառել հայցի ապահովման միջոց

Վարչական դատարանը որոշել է բավարարել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի պահանջը և ապահովել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։

Դատարանը որոշումը կայացրել է մարտի 17-ին, ակտում արձանագրվում է. «Մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»։

Դատարանն իր վերլուծության մեջ նաև հաշվի է առել երկրում առկա ռազմական դրությունը՝ ընդգծելով, որ «հայցի ապահովման նպատակը հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարման ապահովումն ու երաշխավորումն է, այսինքն՝ տվյալ հայցի ապահովման միջոցի չձեռնարկումը պետք է հետագա դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարացման վտանգ պարունակի, որպիսի վտանգի առկայության հանգամանքը կամ դրա առաջացման հավանականության աստիճանը գնահատում է ՀՀ վարչական դատարանը` հաշվի առնելով կոնկրետ գործի փաստերը»։

Դատարանը նկատել է, որ գլխավոր պետի պաշտոնավարման համար օրենքով սահմանված է հստակ սահմանափակ ժամկետ՝ հինգ տարի, որի ընդհատման կամ կասեցման կարգ, պայմաններ և հետևանքներ օրենքով նախատեսված չեն։

«Հետևաբար հայցի հնարավոր բավարարման դեպքում, առանց հայցի ապահովման միջոցի կիրառման, կախված գործի քննության տևողությունից, հայցվորի՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված իրավունքը լիարժեք չի իրացվի։ Այսպիսով` Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի նյութերով հաստատվում է այն փաստը, որ տվյալ դեպքում հայցի ապահովում չկիրառելու դեպքում հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ»,- նշված է դատարանի վերլուծության մեջ։

Դատարանի որոշումից պարզ է դառնում, որ հայցվորը ներկայացրել է մեկից ավելի միջոց կիրառելու միջնորդություն, իսկ դատավորը որոշել է կիրառել հենց հայցի ապահովման միջոցը, այն է՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը, որի պայմաններում հայցի հնարավոր բավարարման մասին դատական ակտի կատարման համար որևէ խոչընդոտ չի առաջանա։

Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց դատարանի որոշումը․ «Դատարանը որպես հայցի ապահովման միջոց ժամանակավոր բավարարել է հայցվորի պահանջը մինչև սույն հայցով վերջնական որոշման կայացումը: Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։

Մարտի 10-ին Կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

Մեկնաբանել