Օնիկ Գասպարյանը ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից․ կառավարության պարզաբանումը

Վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի որոշման առնչությամբ, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի պահանջի բավարարմանը։

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։

Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ առ ոչինչ ճանաչել նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջովը։

ՀՀ վարչական դատարանի կողմից մարտի 15-ին վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն:

Դատարանի կողմից մարտի 17-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

***

Վարչական դատարանը որոշել է բավարարել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի պահանջը և ապահովել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։

Դատարանը որոշումը կայացրել է մարտի 17-ին, ակտում արձանագրվում է. «Մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»։

Մարտի 10-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Նախագահը առարկություններով վերադարձրել է առաջարկությունը։

Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

Մեկնաբանել