Փաշինյանը և Ծառուկյանը կհանդիպեն մարտի 18-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,- հայտնել է Գևորգյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի 12-ին հայտարարել էր, որ կհանդիպի Փաշինյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. «Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ խնդիրները կարգավորենք: Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել էր Ծառուկյանը։

Մարտի 4-ին Կառավարությունում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական մյուս ըննդիմության՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը։ Չնայած, որ Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել էր՝ «կա կամք շարունակելու բանակցությունները», մարտի 17-ին «Իմ քայլը» և «Լուսավորը» իրար մեղադրում էին ընտրությունների չգնալու համար։