Եղվարդում բնակելի թաղամաս կկառուցվի

Կառավարությունը որոշել է Եղվարդ համայնքում գտնվող 3,3 հեկտար մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի տեսքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» ընկերությանը՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվեց մարտի 18-ի կառավարության նիստում։

«Մագնոլիա կոմֆորտ»-ը խոստացել է 11,9 միլիարդ դրամի ներդրում կատարել այս ծրագրում՝ նաև 50 միլիոն դրամի չափով ներդրմամբ հիմնանորոգելով դպրոց, մանկապարտեզ ու այն նվիրելով Եղվարդ համայնքին։ Կառավարությունն ակնկալում է, որ մինչև 2,7 միլիարդ դրամի հարկային եկամուտներ կունենա այս ծրագրի իրականացումից, 200-250 մարդ էլ կներգրավվի շինարարության ընթացքում։

Հողամասի վաճառքի գինը կկազմի ավելի քան 150 միլիոն դրամ, իսկ շինարարությունը կընթանա 5 փուլերով՝ յուրաքանչյուր փուլում 3-4 շենքի կառուցմամբ։ Ներդրողը խոստացել է բնակելի հատվածի 40 տոկոսը կանաչապատել։

«Մագնոլիա կոմֆորտ»-ը հիմնվել է 2017-ին։ Ընկերության միակ բաժնետերը Արա Ավետիսյանն է։ Վերջինս նաև «Լոմո գրուպ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Վերջերս այս ընկերությունը ստացավ Հարզդանի «Էկոս» ազատ տնտեսական գոտում ներդրում կատարելու թույլտվություն։

Մեկնաբանել