Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միաժամանակ հայտարարեցին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև՝ Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- «ֆեյսբուքի» իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս գրառում է կատարել՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ․ «Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և ՆԻկոլ Փաշինյանի հանդիպումը: Հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է Տոնոյանի գրառման մեջ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում․ «Հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»,- գրել է Մարուքյանը։

Մեկնաբանել