Արտահերթ ընտրություններ. քայլերի ինչ հաջորդականություն է ակնկալվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ռազմական դրությունը՝ ընտրությունների անցկացման խոչընդոտ

Նախ արձանագրենք, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Հերթական, թե արտահերթ ընտրություններն անցկացվելու են ռազմական դրությունը հանելուց հետո, այսինքն՝ խորհրդարանը պետք է նիստ գումարի և վերացնի ռազմական դրությունը։

«Իմ քայլը» խմբակցությունը հանրային քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Այն նախատեսում է, որ «Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններ»։ Այս նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, բայց դեռ չի ընդգրկվել լիագումար նիստեր օրակարգում և ոչ էլ արտահերթ նիստով է քննարկվել։ Չի բացառվում, որ խորհրդարանը չսպասի այս նախագծի ընդունմանը կամ էլ դա ընդունի առաջիկայում, որպեսզի վերոնշյալ ժամկետները չխախտվեն, իսկ երրորդ տարբերակով՝ ընդունի նոր օրենքը՝ առանց վերոնշյալ դրույթի։

Մինչդեռ գործող Ընտրական օրենսգրքում արտահերթ ընտրությունների անցկացման նման սահմանափակում չկա, այլ վերոնշյալ դրույթը գործում է նոր հերթական ընտրությունների պարագայում։ Օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրություններ»։

Հունիսի 20-ից հետհաշվարկ

Եթե ընտրությունները պետք է կայանան հունիսի 20-ին, կուսակցությունները կամ դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 25-ը։ Գործող Ընտրական օրենսգրքով՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ։

Խորհրդարանը պետք է արձակվի մայիսի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո»։ Տվյալ դեպքում ընտրության օր է հայտարարվել հունիսի 20-ը։

Վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի մինչև մայիսի 4-ը։ Խորհրդարանի արձակումը տեղի է ունենում երկու փուլով (ՀՀ սահմանադրության 149-րդ հոդված)։ Առաջին փուլում վարչապետը ներկայացնում է հրաժարական, այնուհետև կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջին անգամ վարչապետ չի նշանակվում, ապա տեղի է ունենում նոր առաջադրում և երկրորդ ընտրություն, այս անգամ էլ վարչապետ չընտրելիս խորհրդարանը արձակվում է օրենքի ուժով։

Արտահերթ ընտրությունների մասին այսօր գրեթե միաժամանակ հայտարարեցին վարչապետը և խորհրդարանական ընդդիմության ղեկավարները։ Էդմոն Մարուքյանի հետ հեռախոսազրույցում և Գագիկ Ծառուկյանի հետ հանիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, երաշխիքներ է ստացել, որ իր հրաժարականի դեպքում «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Կասկած չկա նաև, որ իշխող ուժը վարչապետի թեկնածու կառաջադրի հենց Նիկոլ Փաշինյանին, ինչպես եղավ 2018-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Փաշինյանը պարզաբանել էր, որ առաջադրումը «ֆորմալ բնույթ է կրում և իրենց խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն»։

Մեկնաբանել