Պատրաստ եմ պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև մարտի 18-ին սրճարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Լրագրող «ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Ավելի ուշ տելեգրամյան ալիքները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես է նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին։

Հակոբ Արշակյանը միջադեպից հետո պարզաբանմամբ է հանդես եկել։ Նա ներողություն է խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, և նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

«Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել է նախարարը։

Միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ «որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից»։

Մեկնաբանել