Ալավերդի. ինչու համայնքի բյուջեով կառուցված շուկան չի շահագործվում

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Ալավերդի համայնքի բյուջեի բնապահպանական վճարների 9,395 մլն դրամ ներդրումով կառուցված նոր շուկան 3-րդ տարին է՝ չի շահագործվում։

Ալավերդու առևտրականները տագնապով են սպասում Սպանդարյան փողոցում մետաղյա թիթեղներով և ապակիներով հավաքված շուկայի շահագործմանը: Նրանց մեծ մասը չի ուզում տեղափոխվել այդ շուկա՝ քաղաքի բնակելի վայրերից հեռու լինելու պատճառով: Սպանդարյան փողոցը հին Ալավերդու կենտրոնն է եղել: Ներկայում թաղամասը գրեթե անմարդաբնակ է, այդ պատճառով էլ առևտրականների համար շահավետ չէ նոր շուկա տեղափոխվելը:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն ասում է՝ իր նախաձեռնած շուկայի կառուցումն սկսվել է 2018-2019 թթ․: «Անցած տարի՝ 2020թ., երբ ուզում էինք շուկան շահագործել, Կովիդի համավարակի պայմաններից ելնելով խնդիր է առաջացել, շուկայի շահագործումը թողեցինք»,- բացատրում է նա:

Համայնքապետը մեզ հետ զրույցում մի կողմից պնդում էր, թե վերջին մեկ տարում շուկան չի շահագործվել համավարակի ու պատերազմի պատճառով, մյուս կողմից ներկայացնում է, թե դեռ լուծված չէ շուկայի վկայականի հարցը: Ասում է, երբ վկայականը պատրաստ լինի, այն ժամանակ էլ շուկայի լուսավորության ու ջրամատակարարման խնդիրը կլուծվի:

Հարց է առաջանում, եթե իրավամբ պատերազմն ու համավարկն են խանգարել շուկայի շահագործմանը, ապա ինչու ժամանակին չեն լուծվել շուկայի վկայականի, ջրամատակարարման ու լուսավորության հարցերը: Համայնքապետը դժգոհում է, թե մեր երկրում հարցերը օրենքով դժվարությամբ են լուծվում: Ընդամենը 20 մետր երկարություն և 8 մետր լայնություն ունեցող փակ շուկայի ներսում, առևտրի սեղաններից հազիվ 2-3 մետր հեռու երկու զուգարան է տեղադրված: Ծանոթ լինելով հատկապես գյուղերից շուկա եկող առևտրականների՝ զուգարանից օգտվելու «մշակույթին», շատ ալավերդցիներ արդեն զգում են փակ շուկայում գտնվող զուգարանների սպասվելիք գարշահոտությունը:

Խեչումյանն ուզում է մարդկանց համոզել, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զուգարանները շուկաների ներսում են տեղադրվում: Նա նաև ասում է, որ Ալավերդիում կոյուղու համակարգ չի գործում, այն դեպքում, երբ Ալավերդու 174-ից ավելի բնակելի շենքեր խորհրդային տարիներից օգտվում են քաղաքի կոյուղու ներքին ցանցից: Իրականում Ալավերդին ոչ թե կոյուղու համակարգ, այլ կոյուղաջրերի մաքրման կայան չունի, ինչի պատճառով քաղաքի կոյուղաջրերը թափվում են Դեբեդ գետը:

Համայնքապետի խոսքով՝ շուկայի ներսում երկու զուգարան տեղադրելու գաղափարը պատկանում ճարտարապետներին և նախագծող ոմն Քոչարյանին: Մեզ չհաջողվեց պարզել Քոչարյանի անձը և նրա կազմակերպության անունը: «Չեմ հիշում: Մեր համապատասխան բաժնում հարցրեք, ձեր այդ հարցին կպատասխանեն»,- ասաց նա: Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում մեզ հայտնեցին, որ շուկային նախագծման աշխատանքները իրականացրել է Վանաձորում գրանցված «Ռոսա Քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Վերջինիս տնօրեն Ռոբերտ Քոչարյանը հեռախոսով պարզաբանեց, որ կառուցվող փակ շուկայի ներսի տարածքում երկու զուգարանները տեղադրվել են Ալավերդու համայնքապետարանի առաջարկությամբ:

Ավագանու 2018թ. դեկտեմբերի 12-ի որոշումով՝ համայնքի բյուջեի բնապահպանական վճարներից Սպանդարյան փողոցի արևելյան մասում, 250 քմ տարածքի վրա շուկա կառուցելու համար հատկացվել 10 մլն դրամ:

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը

Համայնքապետարանի ֆինանսների, ծրագրերի և գնումների բաժնում հայտնեցին, որ հատկացված 10 մլն դրամից մետաղյա թիթեղներով և ապակիներով հավաքվող շուկայի ծրագիրը 7,3 մլն դրամ ծախսային առաջարկով, մրցույթով շահել է «Վանյան և Հովսեփյան» ՍՊԸ-ն: Հետո պարզվել է, որ 7.3 մլն դրամը շուկայի ներքին հարդարման աշխատանքերին չի բավարարել, այն ծախսվել է օբյեկտի կառուցման վրա:

Համայնքապետարանը 2019թ. դեկտեմբերին նոր մրցույթ է հայտարարել և շահած «Մարլիվա» ՍՊԸ-ին 2,12 մլն դրամ է տրամադրել՝ շուկայի ներքին հարդարման աշխատանքների համար: Համայնքապետարանի ֆինանսների, ծրագրերի և գնումների բաժնի տեղեկացմամբ՝ շուկայի վրա ծախսվել է բյուջեի բնապահպանական վճարների 9,395 մլն դրամը:

Սասուն Խեչումյանն ասում է՝ արդեն 7-8 դիմումատուներ կան, որոնք ցանկություն ունեն նոր շուկայում աշխատելու: «Շուկան հավանաբար իր բնականոն աշխատանքը կսկսի գարնանը»,- ասում է նա: Սակայն, թե որ ամսին և որ օրը կսկսի աշխատել նոր շուկան, Խեչումյանը չի հայտնում:

Պարզվեց, որ Ալավերդու համայնքապետարանը պատշաճ չի վերահսկում նաև գործող «Հայպետշին» թաղամասի շուկայի սանիտարական վիճակը: Այստեղ կոյուղու ջրագծերի վթարների պատճառով մեկ ամսից ավելի է՝ ստեղծվել է հակասանիտարական վիճակ: Մեր այցելության պահին շուկայի տարածքում տարածված էր կոյուղու գարշահոտությունը: Կոյուղաջրերի վրա կանգնած ավտոմեքենաներից միս էին վաճառում հարևան գյուղերի գյուղացիները:

«Հայպետշինի» շուկայում առևտուր անող առևտրականներից Կարինե Դալլաքյանը հայտնեց, որ չի պատրաստվում տեղափոխվել Սպանդարյան փողոցի շուկա. «Սա իմ հիմնական խանութն է: Ես այս տարածքը գնել ու խանութ եմ կառուցել: Ես հարկային դաշտում եմ աշխատում: Ինձ համար աշխատատեղ եմ ստեղծել, ու ոչ ոք չի կարող ինձ ստիպել Սպանդարյան փողոցի շուկա գնալ»:

Մի առևտրական կին էլ, որ հրաժարվեց ներկայանալ, գանգատվեց, թե «գործազուրկ ամբողջ քաղաքում առևտուր անող բնակիչ չկա, հիմա էլ մեզ տեղափոխում են էդ անմարդաբնակ վայրը»։

Ալավերդին խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնում շուկայի տիպային, գեղեցիկ շենք է ունեցել: Այն 1990-ականներին սեփականաշնորհել են Ալավերդու նախկին քաղաքապետ և Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու նրա երկու ընկերները: Ներկայում նախկին շուկայի տարածքում գործում է վերջիններիս պատկանող «Կատա» սուպերմարկետը:

Մեկնաբանել