Այս պահին անիմաստ է ընտրությունների մասին խոսել․ Սաղաթելյան

իշխան սաղաթելյան

Մեր բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են, բայց հնարավոր է մարտավարության փոփոխություն։ Այս պահին անիմաստ ենք համարում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք գոյություն չունեն․ կա ընդամենը մեկ հայտարարություն։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ հունիսի 20-ին ընտրություններ անկացնելու մասին ֆեյսբուքյան գրառումը «հավատ չի ներշնչում»։ Իշխան Սաղաթելյանը նշում է, որ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետի հրաժարական տա, խորհրդարանի լուծարվի և նախագահը ընտրությունների օր նշանակի։

«Խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է «Հայրենիքի փրկության շարժման» պահանջներից մեկը։ Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, այսինքն, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով։ Մեծ է հնարավորությունը, որ այդ ընտրությունները կեղծվելու են։ Եվ կարող է ոչ թե ելք լինել, այլ նոր ճգնաժամ սկսվի։ Շարժումը շարունակում է պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ քարտեզն այն է, ինչը մենք մինչև հիմա առաջարկել ենք»,- ասել է Սաղաթելյանը։

«Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է վարչապետի հրաժարականը, որից հետո Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ կձևավորվի ժամանակավոր կառավարության և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մեկնաբանել