Արտահերթ ընտրություններ․ ինչ դասավորումներ են հնարավոր քաղաքական դաշտում

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք կկայանան հունիսի 20-ին։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը, հայտնել են իրենց համաձայնությունը արտահերթ ընտրություններին։ Արտախորհրդարանական մի շարք ընդդիմադիր ուժեր շարունակում են դեմ հանդես գալ արտահերթ ընտրություններին։ ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոն այս և այլ թեմաների շուրջ զրուցել է քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ։

– Հուսով եմ՝ արտահերթ ընտրությունների գնալը կնշանակի, որ քաղաքական այս ճգնաժամից և փակուղուց դուրս գալու ուղի կա, և այն լուծում կստանա այնպես, ինչպես անհրաժեշտ է Հայաստանի ընտրողներին ու քաղաքացիներին։ Եվ հուսով եմ՝ դրանով կվերանա անորոշության ու ճգնաժամի այս զգացումը։ Մարդիկ այժմ գիտեն, որ իրավիճակի հանգուցալուծման համար հստակ ամսաթիվ կա, և այդ հանգուցալուծումը կարվի ժողովրդավար ձևով, ոչ թե բռնության ու սպառնալիքների միջոցով։ Ուստի, մենք կարծես գոյատևեցինք այս դժվարին ժամանակներում և եկանք մի կետի, երբ ունենալու ենք այն, ինչի կարիքն ունենք՝ ընտրություններ։

Երկիրը կառավարվում էր մանդատով, որը գոյություն չուներ այլևս, և մեզ պետք է վերագործարկում։ Սա հնարավորություն է տալիս այդ վերագործարկման համար։ Հանգամանքը, որ դրա շուրջ համաձայնության են եկել բազմաթիվ մարդիկ, որոնք իրար չեն սիրում, ըստ իս, դրական է։ Իսկ թե ուր կտանի մեզ այդ գործընթացը, այլ պատմություն է։

– Մեկ այլ հարց՝ խոսակցություններ կային Գագիկ Ծառուկյանի և նրա Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ, ինչը վերջին շաբաթներին համեմատաբար աննկատ էր մնացել։ Մարուքյանի Լուսավոր Հայաստան կուսակցությունը համաձայնել էր ընտրությունների անցկացմանը։ Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում էր Ծառուկյանին համոզել մասնակցել ընտրություններին, իսկ Հայրենիքի փրկության շարժումը փորձում էր համոզել նրան միանալ ընտրություններ չանցկացնելու, նախևառաջ անցումային կառավարություն ձևավորելու իրենց պահանջին։ Ի՞նչ տեղի ունեցավ, ըստ ձեզ, և ի վերջո Ծառուկյանը տեղի՞ տվեց Փաշինյանին։

– Գագիկ Ծառուկյանը, ինչպես քաղաքական որևէ այլ գործիչ, մտածում է իր շահերից։ Նա սկզբում այդ 17 կուսակցությունների կոալիցիայի կազմում էր, սակայն հետո հեռացավ նրանցից։ Նա կողմից կողմ անցնելու փորձ ունի՝ անձնական օպորտունիստական պատճառներից ելնելով։ Քաղաքական որևէ գործիչ այդ կերպ է վարվում։

Նրա հաշվարկն է, որ եթե նոր ընտրություններ լինեն, հաշվի առնելով իր հայրենի Կոտայքի մարզում ընտրազանգվածը, ամեն դեպքում ինքը կանցնի այդ հինգ տոկոսի շեմը և կմտնի խորհրդարան։ Եվ նա կարիք չունի այն մյուս կուսակցությունների, որոնց մեծ մասը իմաստալից գոյություն անգամ չունի։ Ուստի, նա կայացրեց այս որոշումը, նախ, որովհետև գիտի, որ խորհրդարան կմտնի նոր ընտրություններից հետո՝ պատգամավորների գրեթե նույն քանակով, ինչ այժմ։ Եվ երկրորդ, նա տեսավ, որ ընդդիմությունը որևէ բանի չի հասնում, աջակցություն ձեռք չի բերում, կառավարությունը հրաժարական չի տա, և նմանատիպ անցումային համակարգ երբեք չի ձևավորվի։ Լինելով հեռատես և բավականին խորամանկ նման հարցերում՝ նա իրեն հեռու դրեց փողոցի ընդդիմությունից և իր շահերից ելնելով՝ գործարքի գնաց։

– Ի՞նչ է սա նշանակում Հայրենիքի փրկության շարժման, Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար։ Նրանք կոչ էին անում անցումային կառավարություն ձևավորել և դրանից հետո նոր ընտրություններ անցկացնել։

– Այս դեպքում նրանք լիովին հայտնվեցին լուսանցքում։ Եթե նպատակդ այն է, որ ներկա իշխանությունները հեռանան, ապա նրանք կարող են հեռանալ այդ ընտրությունների միջոցով։ Իմաստը ո՞րն է անցումային կառավարություն պահանջելու, փողոց փակելու։ Նրանք ստանում են հենց այն, ինչ չէին ուզում։ Մարդկանց այն զանգվածը, որը չի աջակցում այս կառավարությանը, ստանում է ընտրություններ։ Սակայն նրանք միշտ մերժել են ընտրությունները, որովհետև գիտեն՝ պարտվելու են։ Ուստի հիմա նրանք պետք է ընտրեն՝ մասնակցում են ընտրություններին, թե չեն մասնակցում։ Մասնակցում են՝ փորձելով ապալիգիտիմացնել գործընթացը, թե չեն մասնակցում և փորձում ապալիգիտիմացնել գործընթացը։ Կարծում եմ՝ նրանք կբաժանվեն տարբեր ուղղությունների, որովհետև Վազգեն Մանուկյանը ասել է, որ չի մասնակցի։ Իսկ Քոչարյանը ասել է, որ կմասնակցի։

Քոչարյանն է այս շարժման հիմնական ջատագովներից մեկը և, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորողներից մեկը։ Ուստի կարծում եմ՝ նրանք տարբեր ուղղություններով կգնան, բայց սա այն արդյունքը չէ, որ ուզում էին։ Ամենայն հավանականությամբ՝ նրանք իրենց ժամանակը կծախսեն ընտրությունները ապալեգիտիմացնելու փորձի վրա՝ հարցականի տակ դնելով ընտրությունները, որում ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանեն իրենց չսիրած մարդիկ։

– Վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Նա ասում էր, որ այս ընտրությունները ամենայն հավանականությամբ կլինեն ամենախայտառակն ու քաոսայինը Հայաստանի պատմության մեջ։ Ի՞նչ մտածեցիք, երբ տեսաք դա։

– Դա ասում է այն մարդը, որը գողացավ իր վերջին ընտրությունները, փողոց հանեց տանկեր և հիմա խոսում է խայտառակ ընտրությունների մասին։ Նա վստահելի աղբյուր է բազում թեմաների հարցում, սակայն այս թեմայում նա բացարձակ անվստահելի է։

Ուստի, էական չէ, թե ինչ է նա ասում այս հարցի մասին։ Կլինի՞ լարված քարոզարշավ։ Իհարկե։ Նախ, այդպիսին է այս երկրի քաղաքականության բնույթը։ Ամեն ինչ կարող ես ասել, ամեն ինչ շպրտել քո քաղաքական հակառակորդների վրա, նյուանս և ոսկե միջին չկա։ Բոլորն իրար կոկորդի վրա են հարձակվելու՝ սա դավաճան է, սա կեղծավոր է և այլն։ Իրականում, ամբողջ աշխարհում դա է քաղաքականության բնույթը, հատկապես նոր զարգացող ժողովրդավարություններում։ Ուստի կարծում եմ՝ իհարկե սա կլինի կեղտոտ, տգեղ քարոզարշավ։ Հարցն այն է՝ կլինե՞ն արդար ու թափանցիկ ընտրություններ, կունենա՞նք գործընթաց, ինչպիսին 2018-ի ընտրությունններն էին, թե՞ կլինեն խախտումներ։ Պետք է ձգտենք ունենալ ազատ ու արդար ընտրություններ, և որ մարդիկ կարողանան կամարտահայտվել՝ անկախ նրանից, թե ով կհաղթի։ Կլինի անհարմար, խառը գործընթաց, սակայն ժողովրդավարությունն ինքն է անհարմար, խառը գործընթաց։ Սակայն այլընտրանքները շատ ավելի վատն են։

– Շատերն են խոսում Հայաստանում նոր քաղաքական ուժի անհրաժեշտության մասին, սակայն երեք ամիսը բավարա՞ր ժամկետ է այդ ուժերի ի հայտ գալու համար։

– Թերևս՝ ոչ, սակայն դա էլ հաստատ չէ, քանի որ քաղաքականության մեջ, և դա պատմական ճշմարտություն է Հայաստանում, ամեն ինչ կարող է վայրկենական, շատ արագ փոխվել։ Կարծում եմ՝ ավելի վաղ ընտրությունները հարմար են ներկա իշխանությունների համար, որովհետև դա շատ ժամանակ չի տա՝ վստահելի երրորդ ուժի ստեղծման ու ի հայտ գալու համար։ Վստահ չեմ, որ ամեն դեպքում մեկը չի հայտնվի, քանի որ երբ քաղաքական շուկայում կա պահանջարկ, ինչ-որ մեկը հանդես կգա առաջարկով, նույնիսկ եթե նա իդեալական թեկնածուն չէ։ Ինչ-որ մեկը կարող է լրացնել այդ բացը։

Ուստի, ներկա ժամանակացույցը այս իշխանություններին ձեռնտու է։ Սակայն քաղաքական գործիչները իրենք իրենց գլխին սարքելու հակում ունեն։ Կարծում են՝ ինչ-որ բան իրենց ձեռնտու է, սակայն արդյունքում հակառակն է լինում։

– Եթե վերցնենք Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս արած հարցումը, Փաշինյանի «Իմ քայլը» կարող է հաղթել ու հաղթել մեծամասնությամբ։ Ի՞նչ կնշանակի դա Հայաստանի համար, և արդյոք դա հավանակա՞ն է։

– Փաշինյանի այնպիսի հաղթանակը, որտեղ նա կարիք չի ունենա կոալիցիոն կառավարություն կազմելու, երկրի համար լավ չէ։ Որովհետև դա չի արտացոլում ամբողջ երկիրը, քանի որ այն 40 տոկոսը, որը չի աջակցում կողմերից ոչ մեկին, քաղաքական առումով անտուն կմնա՝ գնալու տեղ չի ունենա։ Դա լավ արդյունք չէ։ Այս կառավարության շռնդալից հաղթանակը ցանկալի չէ։ Իդեալական տարբերակը տարբեր կուսակցությունների կոալիցիոն կառավարությունն է։ Եթե նայենք հարցմանն ու իրականությանը, առկա է երկու հնարավոր տարբերակ և մեկ հստակություն։

Հնարավոր տարբերակներն են՝ այժմյան կառավարությունը լիակատար հաղթանակ է տանում ներկա ընդդիմության նկատմամբ, որը թույլ է և վստահություն չի վայելում, և բազմաթիվ մարդիկ չեն մասնակցում ընտրություններին, որովհետև այդ երկու տարբերակներից և ոչ մեկը նրանց համար ընդունելի չէ, հատկապես, եթե երրորդ ուժ չհայտնվի։ Եվ դա ներկա իշխանություններին կտա մանդատ, որին նրանք արժանի չեն։

Երկրորդ հնարավոր տարբերակը երրորդ ուժի ի հայտ գալն է, ինչի արդյունքում ներկա իշխանությունը շատ քիչ առավելությամբ կստանա խորհրդարանական մեծամասնություն։ Եվ ինչպես ներկա խորհրդարանական համակարգն է աշխատում, եթե 50 տոկոսից մի քիչ պակաս ձայն ունես, քեզ պետք է լինելու կոալիցիոն կառավարություն, քանի որ հակառակ դեպքում փոքր խմբակցությունը քեզ թիրախավորելու է անընդհատ։ Այսինքն, լիակատար հաղթանակ կամ հաղթանակ՝ 50 տոկոսից ավելի քիչ ձայներով, որտեղ մի քանի կուսակցություն կպայքարեն մեծամասնության համար։

Այս գործընթացում հստակ է այն, որ ներկա փողոցային ընդդիմությունն ու նրանք, ովքեր ներկայացնում են նախկին վարչակարգը, հավիտյան կթաղվեն պատմության մեջ։ Սա քաղաքական առումով կլինի նրանց վերջը։ Որովհետև եթե նրանք նման աղետալի պարտություն կրեն և չկարողանան իշխանություն ստանալ, սա կդառնա հեղափոխության վերջին փուլը, երբ հին վարչակարգը կթաղվի հավիտյան։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել