Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Այսօր՝ մարտի 19-ին, ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ փոխանցվել են զինծառայողների աճյուններ։ Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է»,- տեղեկացնում են ծառայությունից։

Մեկնաբանել