Հասկանալ պարտության պատճառները՝ հիասթափվելու փոխարեն. Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան*

1453-ին Կոնստանդնուպոլսի գրավումը պատմության վճռորոշ դեպքերից է: Օսմանյան բանակի հաջողությունները մեծապես կախված էին հրետանու որակից: Մինչ պատերազմը թուրքերին հաջողվել էր հավաքել Եվրոպայի լավագույն մասնագետներին և ձուլել նմանը չունեցող թնդանոթներ, որոնք էլ վճռական նշանակություն ունեցան բյուզանդացիների մայրաքաղաքը գրավելու ժամանակ: Թուրքական բանակը երբեք անտարբեր չի եղել նոր տեխնոլոգիաների նկատմամբ և նույնիսկ ամբողջովին ջախջախված վիճակից իր մեջ ուժ է գտել վերակազմավորվել և ծառայել կայսերական/ազգային նպատակների իրագործմանը:

Արդիական սպառազինությունը հիմնական դերակատարությունն ունեցավ նաև 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմում թուրք-ադրբեջանական դաշինքի հաղթանակի գործում: Սեպտեմբերի 27-ից օդային ինտենսիվ հարձակումները ոչնչացնում էին մեր ՀՕՊ և հրետանային համակարգերը, սարսափ տարածում զորքի ու բնակչության մեջ: Ինչպես ցույց տվեց պատերազմը, մենք որևէ դաս չէինք քաղել տարածաշրջանում և մեզնից հեռու Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցող պատերազմներից, մասնավորապես Աֆրինի գրավումից. այս գործողության մարտավարությունը շատ նման էր Արցախում թշնամու օգտագործածին: Մեր պարտության պատճառների մասին պարտավոր ենք քննարկումներ սկսել, հասկանալ մեր սխալները, փորձել գոնե սեփական դժբախտության վրա դասեր քաղել: Սա մեծ կամք և հաճախ ոչ հրապարակայնություն պահանջող աշխատանք է:

Այս գրառման մեջ ես կուզեի խոսել պարտությունից հետո եղած հանրային տրամադրությունների մասին: Ակնհայտ է, որ մեր հասարակության մեջ մեծ դժգոհություն կա, որը հաճախ տանում է նիհիլիստական տրամադրությունների: Այս տրամադրություններն ավելի են սրվում Երևանում առկա քաղաքական անկայունությամբ, քաղաքական համակարգի նկատմամբ աճող վստահության անկմամբ: Վերքերն ամոքելու, վերականգնման մասին մտածելու փոխարեն հասարակության շատ անդամներ սկսում են ընկնել ծայրահեղությունների մեջ, ի վերջո գալիս ավանդական եզրահանգմանը՝ երկրից հեռանալուն: Այնինչ, հուսահատությունը և ապակառուցողական վարքագծի դրսևորումը նոր պարտություն տանող ճանապարհ է:

Պատերազմներում հաղթում էլ են, պարտվում էլ: Ազգերի պատմությունը պատերազմների պատմություն է, հաղթանակների և պարտությունների պատմություն: Հայության գրեթե ամեն սերունդ պատերազմի է մասնակցել: Մեր պատմության պատերազմներից զերծ հատվածը լավագույն դեպքում 45 տարի է՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև 90-ականների սկիզբ: Արցախում գյուղացին պատմականորեն նաև զինվոր է: Պատերազմի ժամանակ գնում էր հայրենիքը պաշտպանելու, մարտերից ազատ ժամանակ կամ հարաբերականորեն խաղաղ ժամանակ դառնում էր հողի մշակ: Վերջին տարիներին էլ գրեթե այդպես էր, գյուղական երիտասարդության մի զգալի հատված ներգրավված էր մարտական հերթապահության մեջ, դրանից ազատ ժամանակ զբաղված էր իր տնտեսությամբ:

Պատերազմը մեր կյանքի անբաժան մասն է, մենք, մեր երեխաները, մեր թոռները պատերազմ դեռ տեսնելու ենք: Հետևաբար, խնդիրը ոչ թե պատերազմից փախչելն է, այլ դրան արդյունավետ պատրաստ լինելը: Պատերազմից հետո մենք ծանրագույն վիճակում ենք, բայց այնպես չէ, որ սա եզակի երևույթ է մեր պատմության ընթացքում:

Արցախի ամեն գյուղում կգտնենք անձնական պատմություններ տարբեր պատերազմներում կորցրած հայրենիքի ու դրա վերականգնման մասին: Իմ կնոջ հայրն ու մայրն Ասկերանի Ակնաղբյուր գյուղից են: Իմ կնոջ հայրական պապի պապի ընտանիքն Ակնաղբյուր է տեղափոխվել 1800-ականների երկրորդ կեսին՝ Հադրութի Հողեր գյուղից, երբ այդ գյուղը դարձել է մահմեդականների հարձակման ենթակա: Հետո Հողերի հարևան շատ գյուղերում մահմեդականները փորձեցին հաստատվել, որոշ գյուղեր ամբողջովին մահմեդականցվեցին, որոշ գյուղերում խառը բնակչություն կար:

Խորհրդային տարիներին, ԼՂԻՄ-ը Ադրբեջանին տալուց հետո, Հադրութի հայկական գյուղերի վրա ժողովրդագրական գրոհը շարունակվեց: Կնոջս տատի տատը Ակնաղբյուր էր փախել 1920թ-ի Շուշիի կոտորածներից հետո՝ իր երեք աղջիկների հետ՝ Շուշիում թողնելով սպանված ամուսնու մարմինը: 1990-ականներին իմ կնոջ հոր սերունդը ազատագրեց թե՛ Հողերը, թե՛ Շուշին: Ճիշտ է, գինը, գոնե այս ընտանիքի համար, մեծ էր՝ Ակնաղբյուրի զոհերի հուշարձանին թե՛ կնոջս հոր, թե՛ հորեղբոր հուշատախտակն էր:

2020-ին մենք կորցրինք Հադրութը, Շուշին, նաև՝ Ակնաղբյուրը: Կնոջս բարեկամները տեղափոխվեցին Արցախի այլ բնակավայրեր: Պատմությունը կարծես նույն ձևով է կրկնվում: Եվ որ 1994-ի կրկնությունն էլ է լինելու, կասկած չունեմ: Իսկ դրա համար առաջնայինը պարտության շոկը հաղթահարելն է, գոնե մեր սխալների վրա սովորելը, համայնքային-ցեղային մակարդակից բարձրանալն ազգային մակարդակի, որպեսզի կարողանանք ազգային խնդիրներ լուծել: Սրա առաջին քայլը պարտությունն ու դրա պատճառներն ուսումնասիրելն է՝ շատ բարդ առաջադրանք խիստ քաղաքականացված մեր իրականության մեջ:

* Հայկ Խանումյանը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Մեկնաբանել