Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է․ վարչապետի հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարութուն է տարածել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման շուրջ, որում նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է Գլխավոր շտաբի պետ։ Հայտարարությունը տեղադրված է gov.am և primeminister.am կայքերում։ Հայտարարության տեքստը՝ ստորև։

Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

․․․

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Նախագահը մարտի 11-ին առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Սարգսյանը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով հրամանագրի նախագիծը: Փետրվարի 27-ին Հանրապետության նախագահը առարկություններով հետ էր ուղարկել նշված նախագիծը: Նախագահի ներկայացրած առարկությունները վարչապետը չէր ընդունել, ինչի մասին փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին: Մարտի 10-ին Կառավարությունից հայտարարել էին, որ Օնիկ Գասպարյանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է համարվում։