«Քաղաքացու որոշում» կուսակցությունը տրամադրված է մասնակցել ընտրություններին

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մասնակցելու հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին։ Չնայած «վատ պայմաններին»՝ կայուն մեծամասնության նորմի պահպանմանը, առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընտրության անցկացմանը, կուսակցությունը «տրամադրված է մասնակցել ընտրություններին»։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Փետրվարի 26-ին մենք հայտարարել էինք, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։

Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և հղի է նոր վտանգներով։

Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։

Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»,- ասվում է հայտարարությունում։