Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց․ Արտակ Դավթյանի ուղերձը

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հղել, որում նշում է, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվել է։ Ուղերձը «ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև․

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»,- ասվում է ուղերձում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 22-ին, հայտարարութուն է տարածել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման շուրջ, որում նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է Գլխավոր շտաբի պետ։

․․․

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Նախագահը մարտի 11-ին առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Սարգսյանը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով հրամանագրի նախագիծը: Փետրվարի 27-ին Հանրապետության նախագահը առարկություններով հետ էր ուղարկել նշված նախագիծը: Նախագահի ներկայացրած առարկությունները վարչապետը չէր ընդունել, ինչի մասին փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին: Մարտի 10-ին Կառավարությունից հայտարարել էին, որ Օնիկ Գասպարյանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է համարվում։

Մեկնաբանել