Ձնաբքի պայմաններում կորած զինծառայողներից մեկը տեղափոխվել է հոսպիտալ, մյուսը զոհվել է

Մարտի 21-ին Ջերմուկի զորամասի 2 կորած զինծառայողները գտնվել են։ Նրանցից մեկը տեղափոխվել է հոսպիտալ՝ ծանր վիճակում, մյուսը զոհվել է։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»,- տեղեկացնում են նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։