Սահմանադրական դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթարդրյալ տապալման գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցն այսօր կքննվի Սահմանադրական դատարանում՝ գրավոր ընթացակարգով։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից։ 

Մինչ այս Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ մարտի 17-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ 

«Այդ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել էր մեր կողմից, սակայն դատախազությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանում փաստացի դատավոր, մինչ այդ փաստաբանը ամեն կերպ պնդում էին հակառակը»,- գրել էր Վարդևանյանը։

Թեմային անդրադարձել է նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը. «Ամենայն հավանականությամբ ՍԴ որոշմամբ կարող է փակվել «Մարտի 1-ի» գործով Ռ․Քոչարյանի քրեական հետապնդման հարցը՝ հերթական ապտակը հասցնելով ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, ինչը հետևանք է դատական իշխանության անկախության և անկողմնակալության ապահովման իրավական քաղաքականության հարցում ցավալի ձախողման»։

Գևորգ Թոսունյան