Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Յան Բրեմեր

Սպիտակ տունն այս տարի կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ջո Բայդենն այսպիսով կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ այս մասին հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին՝ հայտնել է ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը։

«Թուրքիային հետևողներդ գիտեք, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վերջին շաբաթները ծանր էին։ Թուրքիայի համար շատ բաներ անհաջող են ընթանում։ Նրանք դուրս եկան Ստամբուլի կոնվենցիայից՝ եվրոպական համաձայնագիր, որը պաշտպանում է կանանց։ Նաև Թուրքիայում աշխատանքից ազատվեց կենտրոնական բանկի կառավարիչը․ երկու տարում՝ չորս կառավարիչ։ Տնտեսությունն էլ լավ չէ․ լիրան արժեզրկվում է, Էրդողանի ժողովրդականությունը՝ նվազում։ Որպես հետևանք՝ նա հարձակում է գործում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP-ի վրա։

Բայց կարևոր նորությունն այն է, որ Էրդողանը կանգնած է մեկ այլ դիվանագիտական մարտահրավերի առաջ, որը գալիս է ԱՄՆ-ից։ Ինչպես լսել եմ Սպիտակ տնից, նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունները։

Թերևս սա մեծ անակնկալ չէ․․․ Բայդենը խոստացել էր այն ճանաչել իր քարոզարշավի ժամանակ։ Փոխնախագահ Քամալա Հարիսը, որը Կալիֆոռնիայից է և որտեղ ճանաչման օգտին մեծ թվով ընտրողներ կան, իրականում Սենատի 2019թ․ բանաձևի համահեղինակ էր։ Պետքարտուղար Թոնի Բլինքենի օրոք մարդու իրավունքները Բայդենի արտաքին քաղաքական օրակարգում շատ ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան Օբամայի և ակնհայտորեն Թրամփի օրոք։

[…]

Վերջին օրերին լսել եմ և Սպիտակ տան, և Պետքարտուղարության պաշտոնյաներից, որ Բայդենը ցասման մեջ էր, երբ Թուրքիայի նախագահը հրապարակայնորեն մեկնաբանել է Պուտինի մասին իր հայտարարությունը»,- հայտարարել է Բրեմերը։

Նա մեջբերել է Սպիտակ տան խորհրդականներից մեկին․ «Դա այն է, ինչ Բայդենը խոստացել էր որպես թեկնածու, և հենց այդ քաղաքականությունն է առաջ տարվում»։

Սպիտակ տան մեկ այլ խորհրդական, անդրադառնալով ապրիլի 24-ին սպասվող հայտարարությանը, Բրեմերին ասել է․ «Բայդենը իր խոսքի տերն է»։

Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի նախագահ, ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը Tert.am-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ «Բայդենը Սենատոր եղած ժամանակներից ի վեր աջակցում է Ցեղասպանության ճանաչման համար պայքարող ամերիկահայերին։ Օբաման և նրանից առաջ եղած նախագահներն էլ քարոզարշավի ժամանակ ճանաչման խոստումներ են տվել, հետո հազար ու մի պատրվակով փախչել իրենց տված խոստումից: Այս տարի լիահույս ենք, որ Բայդենը մեզ հուսախաբ չի անի, սակայն կապրենք, կտեսնենք»։

2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Նույն թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն քվեարկեց 150-րդ բանաձևի օգտին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը։

Մեկնաբանել