«Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և ամբողջապես համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այս պահին քննարկումներ են ընթանում»,- հայտնեց նա։
Հարցին, թե միայն համամասնական ընտրակարգին անցնելու դրո՞ւյթն է փոխվելու, Մակունցը պատասխանեց․ «Ընտրական օրենսգիրքը բավական մեծ փաթեթ է, մեծ փոփոխություններ է ենթադրում իր մեջ, և այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել։ Նաև իրատեսական պետք է լինեն փոփոխություններն առաջիկա արտահերթ ընտրությունների համար։ Ոչինչ չեմ բացառում այս պահին»։
«Լուսավոր Հայաստանը» դեմ է նոր Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Եթե «Իմ քայլը» Ընտրական օրենսգիրքը միաձայն ընդունի, դա կնշանակի, որ մեր հետո ունեցած բոլոր պայմանավորվածությունները ջուրն են գցվելու»։
Հարցին, թե ինչպե՞ս է «Իմ քայլը» Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում ընդդիմության հետ կոնսենսուսի գալու, Լիլիթ Մակունցը նշեց․ «Խնդրում եմ այս պահին ինձնից չակնկալկել վերջնական ձևակերպումներ այդ թեմայի վերաբերյալ։ Քննարկումների ավարտից հետո մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ իշխանության ընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։